Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը այսօրվանից պաշտոնապես թողնում է իր զբաղեցրած պաշտոնը: Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան գրառմամբ։
Բաբայանը նշել է, որ արդեն 13 տարի է գլխավորում է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը՝ կառույց, որը պատասխանատու է երկրի տեղեկատվական քաղաքականության համար:
«Տեղեկատվական ճակատը, հատկապես մեր երկրի համար, որը գտնվում է չկարգավորված հակամարտության պայմաններում, ունի ռազմավարական կարևորագույն նշանակություն:
Ինձ համար պատիվ է եղել այս բոլոր տարիների ընթացքում ղեկավարել այդ կառույցը, լինել տեղեկատվական ճակատի առաջամարտիկներից, ծառայել իմ ժողովրդին և Հայրենիքին:
Աշխատանքս փորձել եմ կատարել արհեստավարժորեն՝ որպես ուղենիշ միշտ ունենալով պետական և ազգային շահերը»,- նշել է նա:
Բաբայանը շնորհակալություն է հայտնել իր բոլոր գործընկերներին և լրատվական դաշտի ներկայացուցիչներին՝ երկարատև արդյունավետ համագործակցության համար: Նա հաջողություն է մաղթել այս պաշտոնում իրեն փոխարինող Վահրամ Պողոսյանին՝ ցանկանալով նրան բեղմնավոր գործունեություն:
«Հարգելի՛ գործընկերներ, ես չեմ հեռանում քաղաքական և հասարակական դաշտից: Ես ընդունել եմ Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանի առաջարկը և այսուհետ հայրենիքին իմ ծառայությունները կմատուցեմ ԱՀ Նախագահի՝ արտաքին հարաբերությունների գծով խորհրդականի պաշտոնում:
Լինելով նաև Արցախի պահպանողական կուսակցության նախագահ՝ ես և իմ կուսակիցները շարունակելու ենք մեր ակտիվ գործունեությունը մեր երկրի քաղաքական ու հասարակական դաշտում»,- նշել է նա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







