Սյունիքի մարզպետի աշխատանքից կոնկրետ ես գոհ եմ, շատ ու շատ բաներ է հաջողվել Հունան Պողոսյանին: Այս մասին, այսօր՝ մայիսի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
«Այդ հաջողվածների մասին, իհարկե, մենք չենք կարող բարձրաձայնել և ոչ էլ կիմանանք, թե ինչեր են կանխվել: Սակայն պետք է ասեմ, որ Հունան Պողոսյանը չէ պատասխանատուն մարզում իրավապահ մարմինների աշխատանքի համար»,-ասաց նա:
Արմեն Խաչատրյանն անդրադարձել է Կապանի դեպքերին՝ նշելով, որ ծանր հանցագործության փաստով Քննչական կոմիտեում քննվում է գործ, կատարվում են քննչական գործողություններ, դրանց մաս են կազմել ձերբակալությունները և ձերբակալություններից հետո Կապանում հավաքվել են այդ ձերբակալվածների հարազատները կամ ընկերները և փորձում էին հայտնել իրենց կամքը, որ գործը պետք է քննվի Կապանում, Սյունիքում կամ չգիտեմ որտեղ:
Խոսելով այն մասին, թե ձերբակալվածները քերծվածքներ են ստացել, պատգամավորը նշել է․ «Ոստիկանությունը բարեգործական հիմնարկ չէ, ձերբակալության ժամանակ կիրառվում է համաչափ ուժ, դրա դեպքում որոշակի քերվածքներ են հնարավոր, և դա նորմալ է: Ձերբակալության ընթացքում որոշակի սահմանափակումներ են կիրառվում, համաչափ ուժ, դրա հետևանքով հնարավոր է որոշակի քերծվածքներ առաջանան: Դուք ամեն օր կարող եք ականատես լինել միջազգային ձերբակալությունների, ասեմ, որ ամենանուրբ ձերբակալությունները ՀՀ ոստիկանությունում են. կարող է անձը դիմադրություն ցուցաբերել, քերծվածքների առաջացումը նորմալ է, դա համաչափ ուժի կիրառում է»,- նշել է պատգամավորը:
«Մեր հանրությունը պետք է տեսնի, որ այդ քրեական գործն ավարտին է հասցնելու և անձին առևանգելու, ծեծելու, խոշտանգելու համար մարդիկ կրելու են պատասխանատվություն՝ անկախ այն հանգամանքից, թե որտեղ են աշխատում, համայնքի ղեկավար են, թե ղեկավար չեն և ինչ սոցիալական ստատուս կամ նյութական կարողություններ ունեն: Այդ բոլորը պետք է բացառվի: Գործը քննվում է, փաստաբաններ կան ներգրավված, իրավական գործընթացի մեջ է, բոլորը կարող են արտահայտել իրենց կարծիքները»,-ասաց նա:
Հարցին, թե կարելի՞ է ենթադրել, որ քրեական տարրերի հետ գործ ունեն իրավապահները, պատգամավորը պատասխանել է, որ եթե անձը ձերբակալվում է, հետևաբար նա կասկածվում է որոշակի հանցագործության մեջ, կան հիմնավոր ապացույցներ։
«Հետևաբար, դուք կասկածվողին ոնց կբնութագրեք՝ քրեական տարր թե, ոչ, ես չեմ կարող ասել: Արդյոք նրանք շարունակական միշտ կատարել են այդպիսի արարքներ, թե ոչ, դա կպարզի քննությունը: Բայց այս պահին նրանք մեղադրվում են հանցավոր արարք կատարելու մեջ, կան կասկածներ, որ իրենք են կատարել, հետևաբար նախաքննությունը պետք է ավարտվի իր տրամաբանությամբ»,-նշեց նա:
Արմեն Խաչատրյանի կարծիքով՝ անձնական և մի շարք շահերով պայմանավորված այս դեպքի հետ կապված աղմուկ բարձրացավ
«Մի շարք ռեսուրսներ ունենալու պատճառով է՝ նյութական, դրամական, և ինչու չէ՝ պաշտոնական և այդ ռեսուրսների օգնությամբ փորձում են քնգործի քննությունը փակուղի մտցնել: Քննությունը տարվում է նաև Քաջարանի համայնքապետի մասնակցության աստիճանը որոշելու համար: Հիմա քննարկվում հարցը, թե նրա դերակատարումն որքան է եղել՝ կազմակերպել է, օժանդակել է, դրդել է, թե ինքն է կատարել: Այդ խնդիրները պետք է պարզվեն և արդեն պարզ է այս բողոքի ակցիայի իմաստը»:
Նա հավելեց, որ ըստ իր տեղեկությունների այնտեղ շահերով պայմանավորված անձինք են երեկ հավաքվել Կապանում. «Այդտեղ ժողովրդի կամք չկար, շահերով պայմանավորված մարդիկ էին հավաքվել, որպեսզի կարողանան ներազդել գործի քննության վրա:
Իհարկե այդ ակցիան ինքնաբուխ չէր: Եթե ինքնաբուխ լիներ, ապա ամեն մի քրեական գործով կհավաքվեր 100-200 հոգի և կասեին՝ մենք չենք ուզում, որ գողության համար ընդհանրապես մարդ դատապարտվի»:
Նա նկատեց, որ Քաջարանի քաղաքապետը չի կարող գնահատական տալ ոստիկանության գործողություններին, այլ կարող է ընդամենը որպես քաղաքացի իր կարծիքը հայտնել։
«Գործի քննության ընթացքում կպարզվի հանցագործություն կատարած բոլոր անձանց ինքնությունը, բոլոր փաստական հանգամանքները եւ վստահ եղեք, որ բոլորը դատարանի առաջ պատասխան կկրեն»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






