Ուզում եմ, որ դիմակազերծենք այս կապիկներին, որ խաղեր չտան շուկայում իրենց սուտ ինֆորմացիայով։ Այս մասին այսօր՝ մայիսի 25–ին, ԱԺ–ում ՏՄՊՊՀ 2019 թվականի հաշվետվության վերաբերյալ Խորհրդարանական լսումների ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն՝ անդրադառնալով վառելիքի շուկային։
«Ընդամենը մի քանի ամիս իրանական կողմի դիզվառելիքի շուկան բացվել է 100 տոննայով էլ են բերում, 200 տոննայով էլ են բերում ու հետաքրքիր բան եղավ մասշտաբի էֆեկտից խոսող ընկերությունը գնաց սկսեց Իրանից ներկրել։ Բա այդ ի՞նչ էիր տարիներ շարունակ հեքիաթ պատմում, որ մասշտաբի էֆեկտ է դրա համար էլ թանկ է նստում։ Իրենք ուղղակի տարիներ շարունակ գերշահույթներ են ստացել և շարունակում են ստանալ, հենց հնարավորություն ես տալիս, փուչիկի պես տրաքում են։ Իրենք չեն կարող 18–20 տարեկան տղաների հետ մրցակցել, որովհետև քյարթու, հիմար մարդիկ են։ Պետք է հնարավորություն տալ այդ երիտասարդները աշխատեն և քարուքանդ անեն այդ շուկաները»,– ասաց պատգամավորը։
ՏՄՊՊՀ նախագահ արձագանքելով պատգամավորին, ասաց, որ պատրանքներին չեն հավատում, չեն հավատում, որ կան տնտեսվարող սուբյեկտներ, որոնք երկնքից են իջել և հանուն ժողովրդի բիզնես են իրականացնում։
«Բիզնեսն իրականացնում են հանուն իրենց տնտեսական շահերի և, եթե կա տնտեսական շահ ու մրցակցության, ապա դեպքերն ու դեմքերը պետք է ենթարկվեն փոփոխությունների։ Առաջարկություն ենք արել ստեղծել պետական ներկրող կազմակերպություն, որը տարբերակներից մեկն է, և որը շուկան կկարգավորի»,- նկատեց Գևորգյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







