Այդ ընտանիքը, որը մինչեւ կոկորդը խրված է կոռուպցիայի մեջ, այսօր ոչ միայն չի բացատրում, այլեւ մուննաթ է գալիս ժողովրդի վրա: Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ինքը չի պատրաստվում հերքել մաքսանենգ ծխախոտին իր ընտանիքի՝ առնչություն ունենալու մեղադրանքը, այս մասին այսօր՝ մայիսի 23–ին, նշել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը «Ստի վերջը» ֆեյսբուքյան տեսաշարի վեցերորդ մասում, որը վերնագրել է «Շարունակվող անհերքելի թալանը և ստի կայսրության մեխանիկան»։
Մինասյանի պնդմամբ իր նախկին մեղադրանքների հետ կապված շարունակվում է ՀՀ պետական ապարատի տոտալ լռությունը: «Ինձ մոտ տպավորություն է, որ նույնիսկ ձեւական քրեական գործ չի հարուցվում, քանի որ կա սարսափ, բայց այդ սարսափը չի խանգարում շարունակել բիզնեսը»,-նշել է նա:
Անդրադառնալով անդամանդագործության շուրջ ծավալված սկանդալին՝ Միքայել Մինասյանը նշել է, որ դրա մասին եւս իշխանության ներկայացուցիչները չխոսեցին, քանի որ «ծպտյալ» շարունակում են հետեւել, թե երբ կավարտվի աղմուկը:
«Կա փաստ, որ Հայաստանում գործում է մաֆիոզ համակարգ, եւ այդ մաֆիոզ համակարգը Հայաստանը ներքաշել է մի այնպիսի խայտառակ համակարգի մեջ, որի պատճառով մենք կրում ենք աներեւակայելի պրոբլեմներ»,- հավելել է նա:
Միքայել Մինասյանը հայտարարեց, որ օրերս մաքսանենգ ծխախոտով նոր ինքնաթիռ է մեկնել Հայաստանից, այս անգամ ՝ Աբխազիա: «Մի քանի օր առաջ Հայաստանից ծխախոտով նոր չվերթ է մեկնում արդեն ռուսական Սոչի քաղաք, սակայն մի փոքրիկ նյուանս են մոռացել, որ ՀՀ-ն չի ճանաչում Աբխազիան որպես սուվերեն երկիր, եւ ՀՀ փաստաթղթերի մեջ չկա այդպիսի սուվերեն երկիր, ինչպիսին Աբխազիան է: Բայց քանի որ Նիկոլ Փաշինյանի փող աշխատելու մոլուցքը անկառավարելի է, իսկ մաքսայինը պարտավոր է հրահանգները կատարել, Աբխազիային ավելացնում են Վրաստան՝ ստեղծելով դիվանագիտական մեծ պրոբլեմներ»,- ասաց նա: Մինասյանը մաքսանենգ ծխախոտի մասին իր խոսքերն ապացուցող փաստաթուղթ հրապարակեց:
Ի պատասխան իր հայտարարույթունների, ըստ Մինասյանի, ՀՀ իշխանությունները նոր պատմություն են սկսել մի անձնավորության՝ Մանվել Տեր-Առաքելյանի ֆեյսբուքյան գրառմամբ, ով բնակվում է ԱՄՆ-ում։
Ներկայացնելով Մանվել Տեր-Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը, Մինասյանը նշել է, որ այդ ֆեյսբուքյան գրառումից հետո Նիկոլ Փաշինյանի ամբողջ բուրգը մտնում է մարտի դաշտ և սկսում են այդ ստատուսը տարածել։ Այդուհետ Մանվել Տեր-Առաքելյանը գրում է երկրորդ ստատուսը, որտեղ թեթև շտկումներ է մտցնում՝ ասելով, որ իրականում «ես չեմ խլել, այլ խանգարել եմ կառուցի սրճարանը»,- ներկայացրել է նա՝ ցուցադրելով 2007-ին նկարահանված տեսանյութ, որում պատմվում էր նշված շենքի կառուցման ու դրա դեմ քաղաքացիների բողոքի ակցիայի մասին։
Մինասյանը նշեց, թե այդ ամենից հետո Նիկոլ Փաշինյանը զանգահարել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին և հրահանգել հարուցել քրեական գործ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






