Պետական եկամուտների կոմիտեի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում ներդրվել է mobile ID ստորագրության հնարավորություն, հայտնում են ՊԵԿ-ից։
«Բջջային հեռախոսի օգնությամբ կատարվող նույնականացման շնորհիվ կրճատվել է հաշվետվությունը ստորագրելու և հարկային մարմին ուղարկելու գործընթացը: Պարզապես անհրաժեշտ է բջջային օպերատորներից ձեռք բերել համապատասխան բջջային քարտը և դնելով հեռախոսի մեջ` ակտիվացնել ստորագրությունը»,-նշված է հաղորդագրության մեջ։
ՊԵԿ-ից տեղեկացնում են, որ այս տարբերակով հնարավոր է հաշվետվությունները ստորագրել և ուղարկել ՊԵԿ ինչպես աշխատավայրից, այնպես էլ, օրինակ, արտասահմանից: Պարտադիր չէ այդ պահին ունենալ նույնականացման քարտ և քարտը կարդացող սարք: Պահանջվում է միայն համացանցին միացված համակարգիչ և բջջային հեռախոս: Բացի այդ, հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ մուտք գործելիս համակարգն ավտոմատ ճանաչում է հարկ վճարողին:
Ստորագրության այս տեսակի շնորհիվ ապահովվում է անձնական տվյալների և առցանց գործարքների անվտանգությունը: Կորոնավիրուսի տարածման պայմաններում մոբայլ ID-ն (mID) հարկային մարմնի հետ էլեկտրոնային հարթակում առնչվելու ևս մեկ հնարավորություն է:
Արդեն 170-ից ավելի հարկ վճարող ՊԵԿ ուղարկված հաշվետվությունները ստորագրում են mID եղանակով: Նախատեսվում է բջջային ստորագրություն ներդնել նաև էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման համակարգում:
Mobile ID ստորագրության կիրառման մասին` տեսանյութում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







