«Ժողովուրդ օրաթերթ»
  1. Թերթի տեղեկություններով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության եւ սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն առաջիկայում կարող է տեղափոխվել գործադիր մարմին: Ըստ տեղեկությունների՝ Հայրապետյանն իր մտերիմ շրջապատում հայտարարել է, թե օրենսդիր մարմինն իր համար չէ, որեւէ գործ չի կարողանում անել խորհրդրանում, դրա համար էլ նա ցանկանում է տեղափոխվել կառավարություն, որտեղ կկարողանա ավելի լավ ինքնադրսեւորվել: Թերթը հիշեցրել է, որ, ըստ տեղեկությունների, Հայրապետյանը խնդիրներ ուներ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ։  Թերթը փորձել է պարզել, թե Հայրապետյանը գործադիրում ինչ պաշտոնի է տեղափոխվում, սակայն նրա օգնականը հայտարարել է, որ նման բան չկա:
  2. «Հունիսի 2-ից Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում մեկնարկելու են «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները: Այդ քննարկումները կշարունակվեն մինչեւ հունիսի 11-ը, որից հետո հաշվետվությունը կքննարկվի նաեւ հունիսի 16-ին մեկնարկելիք լիագումար նիստերում»,-հայտնել է թերթը։

    «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ հենց առաջին օրվա քննարկմանը կմասնակցի նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն նա միայն բացման խոսքով հանդես կգա, որից հետո կսկսվեն բուն քննարկումները՝ ոլորտ առ ոլորտ:

    Նշվել է, որ, բացի այս քննարկումներից, արդեն մայիսի 26-ից մեկնարկում է Ազգային ժողովի հերթական նստաշրջանը, որի օրակարգում ընդգրկված է լինելու 26 հարց, այդ թվում՝ Կենտրոնական բանկի՝ 2019թ. գործունեությունը: Այս օրակարգն արդեն կհաստատվի մայիսի 25-ի ԱԺ խորհրդի նիստում, որի ժամանակ կհաստատվի նաեւ բյուջեի քննարկումները հունիսի 2-ին սկսելու որոշումը:

    Թերթը հայտնել է, որ մայիսի 26-ից մեկնարկող նստաշրջանում նախագծեր ունի նաեւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, որը բոյկոտում է նիստերը: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանից պարզել՝ կմասնակցեն նիստերին, թե ոչ, սակայն նա նշեց, թե նման որոշում չունեն»: