Շուշիում ընթացող Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը ելույթ ունեցավ և աղոթք հղեց առ Աստված Հայ եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։ Պարգև Սրբազանը իր խոսքն սկսեց շնորհակալություն հայտնելով Արցախի բոլոր իշխանավորներին՝ սկսած լուսահոգի Արթուր Մկրտչյանով՝ հույս հայտնելով, որ նորընտիր նախագահն էլ ավելի կավելացնի հայրենաշինության գանձարանի շտեմարանի վրա իր շարքը, որով ավելի կամրապնդվենք ու ավելի զորեղ կդառնանք:
«Ոսկե օրենք կա. Եթե ժողովուրդը մեղքի մեջ ընկնի, նախագահը կամ թագավորը ծնկի իջնեն ու աղոթեն, Աստված անպայման կլսի դա, բայց եթե առաջին դեմքը սխալվի, ամբողջ ազգը ծնկի գա, մենք չգիտենք՝ Աստված կների, թե չէ»,-ասաց նա՝ հավելելով, որ առաջին դեմքի պատիվը և պարտականությունն առավել մեծ է։
Պարգև Սրբազանը վստահություն հայտնեց, որ Արայիկ Հարությունյանի երկարատև պետական այրի գիտելիքներն ու փորձն ամբողջովին ի նպաստ կդնի մեր հայրենիքն անսասան պահելու, ժողովրդին հույս ու ոգի տալու համար։
«Վստահ եմ, որ անմնացորդ կնվիրվեք, ինչպես 17 տարեկանում զենքը ուսին պաշտպանել եք մեր հայրենիքը, այսօր շարունակելու ենք նույն վսեմ առաքելությունը ամենաբարձր դիրքից: Մեր աղոթքն է՝ արդարություն տարածեք, ազնվություն սերմանեք: Միշտ ձեր կողքին ենք լինելու: ժողովուրդը ձեր և ձեր թիմի հետ մեծ հույսեր է կապում»,-ընդգծեց նա:
Պարգև Սրբազանը Արայիկ Հարությունյանին մաղթեց կատարյալ հաջողություն հայրենասիրության ասպարեզում և ի վայելումն ազգից հայոց:
«Ձեզ բարի երթ դեպի նորանոր բարի պտուղներ հանուն խաղաղության անվտանգության և մեր ժողովրդի բարգավաճման»,-եզրափակեց նա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







