Արցախյան հիմնախնդրի հետ կապված ընդհանուր առմամբ տեղի է ունենում խոսակցություն, բանակցություն իրավիճակի քննարկման ուղղությամբ։ Մենք մեր սկզբունքներն արձանագրել են, և հարց է եղել, թե արդյո՞ք մենք շարունակելու ենք բանակցել այն կետից․ ինչ կետից, որ թողել է Սերժ Սարգսյանը, ինչը մենք ստացել ենք որպես ժառանգություն, մեզ համար ընդունելի չի։ Այս մասին իր առցանց ասուլիսում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի պատասխանելով հարցին, թե «Այդպես էլ անորոշ մնաց՝ Արցախի հարցի շուրջ բանակցություննե՞ր են, թե կոնսուլտացիաներ, ի վերջո քննարկվում է խնդրի լուծման փաթեթայի՞ն, թե՞ փուլային տարբերակը»։
«Կան ամենատարբեր տեսակետները հարցի կարգավորման ձևերի ու փուլերի կամ փուլային ու փաթեթային տարբերակների վերաբերյալ։ Փուլային և փաթեթային ասելով պետք է հասկանանք, թե ինչ ենք ի նկատի ունենք։ Փաթեթային ասելով հասկանում ենք, որ հարցը լուծվելու է մի ժամո՞ւմ, փուլայի՞ն ասելով ինչ ենք հասկանում, որ հարցը լուծվելու է 100 տարո՞ւմ»,-ասել է Նիկոլ Փաշինյանը, հավելելով, որ դրանք հարցեր են, որ պետք է շատ մանրամասն պարզաբանվեն։
Վարչապետը նորից հավաստիացրեց, որ հեղափոխությունից հետո նոր փաստաթուղթ չի ձևավորվել․ «Իսկ հին փաստաթղթի շուրջ մենք հրաժարվել ենք, ասել ենք՝ դա անընդունելի է։ Դա չի նշանակում, որ բանակցությունների ժամանակ մասնակիցներից մեկի ձեռքի տակ այդ փաթեթը չէր կարող լինել»։ Փաշինյանը հիշեցրել է իր առաջարկած բանաձևը. «Մենք պետք է լուծում գտնենք իմ առաջարկած բանաձևի շրջանակում, որ պետք է գտնենք լուծում, որն ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Արցախի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար։ Եվ այս քննարկումները, բանակցությունները նրա համար էին, որ այդ լուծումը գտնվի»։
Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, թե հայկական կողմը հետևողականորեն պաշտպանելու է իր դիրքորոշումը․ «Շատերն ասում են՝ հնարավոր չի այդպիսի լուծում․ է, հնարավոր չի՝ հնարավոր չի, ուրեմն չի լուծվի։ Մեր խնդիրն այն է, որ փնտրենք և գտնենք այդպիսի լուծում։ Պետք չի մեզ կաշկանդել, որ հանկարծ մեկն այնպիսի տարբերակ ասի, որ մենք մեր ականջները փակենք, սենյակից փախնենք։ Չի լինելու այդպիսի բան։ Մենք մեր դիրքորոշումն արտահայտել ենք և մենք մեր դիրքորոշումը հետեւողականորեն պաշտպանելու ենք»։
Վարչապետը նշել է, որ բոլորն ենք խոսում այն մասին, որ պետք է փոխզիջում լինի. «Հիմա հարց, որն է փոխզիջման այն սահմանը, որից այն կողմ անընդունելի է։ Այդպիսի գծեր կան և՛ Ադրբեջանի համար, և՛ Հայաստանի համար, և՛ Ղարաբաղի համար։ Բա բանակցությունը դրա համար է։ Եվ էլի եմ ասում, այն, ինչ հրապարակային հայտարարել եմ, ոչ մի բան ավելացնելու կամ պակասեցնելու կարիք չկա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







