ՀՀ պարետատունը Մարմնամարզական օբյեկտներում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման ուղղությամբ աշխատանքներն իրականացնելու նոր պահանջներ է սահմանել։ Ըստ այդմ՝
1) Մարզասրահում անհրաժեշտ է խուսափել մարդկային կուտակումներից: Այդ նպատակով սրահի յուրաքանչյուր 8 քառ. մետրում թույլատրվում է առավելագույնը 1 հոգու առկայություն:
2) Հնարավորինս սահմանափակվում են մարզումների տևողությունը և մարզվողների միջև սերտ շփումները: Հնարավոր բոլոր հանձնարարությունները այցելուները կատարում են տանը, իսկ դրանց հետ կապված քննարկումներն իրականացվում են հեռավար եղանակով:
3) Այցելուները ներկայանում են մարզումների արդեն հագնված, ինչպես նաև մարզվելուց առաջ և հետո ցնցուղի ընդունումն իրականացվում է տանը:
4) Մարզումների ընթացքում բացառվում են մարզասրահներում այցելուների կուտակումները: Հնարավորության դեպքում՝ ոչ խմբային սպորտաձևերի պարագայում, սահմանվում է մարզումների հերթափոխային գրաֆիկ:
5) Սպորտային օբյեկտում հնարավորության դեպքում առանձնացվում են մարզումների գոտիներ` տարբեր մարզաձևերի և առանձին այցելուների համար:
Նշվում է, որ մարմնամարզական օբյեկտների ղեկավարության կողմից նշանակվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման միջոցառումների պատասխանատու, ով հսկողության սահմանման նպատակով իրականացնում է առնվազն ախտահանումների, աշխատողների և այցելուների առողջական վիճակի մասին գրանցումները (այլ գրանցումներն՝ ըստ նպատակահարմարության): Մարմնամարզական օբյեկտների ընդհանուր մուտքի, զուգարանի, լողարանի, հանդերձարանի, խոհանոցային հատվածի (առկայության դեպքում), առանձին սրահների մուտքերի մոտ ապահովվում է ախտահանիչներով (ալկոհոլային հիմքով) տարողությունների, անձեռցիկների և աղբարկղի տեղադրում, ինչպես նաև կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման միջոցառումների վերաբերյալ տեղեկատվական պաստառի տեղադրում՝ համաձայն ՀՀ Պարետի 2020 թվականի մայիսի 3-ի հավելված N 15-ի:
Աշխատանքի և մարզումների ներկայանալիս իրականացվում է աշխատակիցների և այցելուների ջերմաչափում (տվյալները գրանցվում են առանձին գրանցամատյանում)՝ բացառելով սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանիշներ ունեցող և ջերմող անձանց մուտքը մարզասրահ: Նշված դեպքերի առկայության դեպքում վերջինիս մասին տեղեկատվություն է տրամադրվում Առողջապահության նախարարության թեժ գիծ՝ 8003 հեռախոսահամարով:
Աշխատակիցների և այցելուների մուտքը մարմնամարզական օբյեկտ թույլատրվում է
բացառապես դիմակներով և պաշտպանիչ ձեռնոցներով:
Չի թույլատրվում կողմնակի անձանց մուտքը մարմնամարզական օբյեկտներ՝ բացառությամբ հրատապ անհրաժեշտության դեպքերի (օրինակ՝ մարզասարքերի վերանորոգման նպատակով): Իսկ վերջիններիս կողմից սարքավորումների կիրառման
դեպքում մինչ օգտագործումը դրանք ախտահանվում են: Մարզասարքերը տեղադրվում են միմյանցից առնվազն 2 մետր հեռավորության վրա: Անհրաժեշտության դեպքում դահլիճից հեռացվում է սարքավորումների մի մասը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







