Հայաստանը նախատեսում է մայիսի 18-ից ամբողջությամբ գործարկել հանրային տրանսպորտը: Այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ ԱԺ հատուկ նիստում, որում քննարկվում է արտակարգ դրությունը երկարաձգելու հարցը:
«Մայիսի 18-ից հանրային տրանսպորտն ամբողջովին կվերագործարկվի, կվերաբացվեն առևտրի իրականացման վայրերը, հանրային սննդի օբյեկտները կկարողանան ծառայություններ մատուցել նաև փակ տարածքներում», — ասաց Ավինյանը։
Նա ընդգծեց՝ կվերաբացվեն մարզասրահները, բացօթյա պատմամշակութային վայրերը։ Քանի որ աշխատող ծնողների համար խնդիր է մանկահասակ երեխաների խնամքի ապահովումը, կվերաբացվեն նաև նախակրթարանները:
Ավինյանը սակայն շեշտեց՝ բոլոր սահմանափակումների թուլացումներն ուղեկցվելու են համակեցության հստակ կանոնների սահմանմամբ, որոնց չկիրառումը հանգեցնում է համապատասխան տույժերի և տուգանքների:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







