Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններին վերաբերող հարցեր: Այս մասին Armenia Today-ին տեղեկացրել են Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Այդ համատեքստում ներկայացվել են կոնկրետ նախագծեր, որոնք առաջարկվում է կյանքի կոչել վերը նշված ձևաչափով: Նախագծերը վերաբերում են մեքենաշինության և ծառայությունների մատուցման ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացմանը, որոնց արդյունքում ակնկալվում է, որ կստեղծվեն նաև մի քանի հարյուր նոր աշխատատեղեր:
Մանրամասն անդրադարձ է կատարվել նախագծերի իրականացման մեխանիզմներին, որոնց շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն:
Վարչապետ Փաշինյանը կարևորել է տնտեսության տարբեր ճյուղերում նոր ներդրումային ծրագրերի խթանման ուղղությամբ կառավարության քայլերը և պատասխանատուներին հանձնարարել շարունակել քննարկումները վերը նշված նախագծերի իրականացման մեխանիզմների շուրջ և ներկայացնել ամփոփ առաջարկություն:
Խորհրդակցությունն անցկացվել է կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային քաղաքականության շրջանակներում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







