Ինչպես տեղեկանում ենք ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ֆեյսբուքյան էջից, հայկական կողմի նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի հեռախոսազրույցը ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Տյան Էրլունի հետ:
Զրուցակիցներն անդրադարձել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 3 ծրագրի շրջանակներում շինարարական աշխատանքների դադարեցման պատճառով ի հայտ եկող բարդություններին և դրանց ազդեցությանը ՀՀ կառավարության՝ կապիտալ ծախսերի արդյունավետ իրականացման քաղաքականության վրա:
Կարևորվել է ծրագրի բնականոն իրականացումը և այդ նպատակով սահմանված ժամկետների պահպանումն ու փոխադարձ պահանջների կարգավորումը:
«Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածների շինաշխատանքների վերսկսումը և էական առաջընթացը կխթանի կայուն վստահության մթնոլորտի և փոխըմբռնման ամրապնդմանը»,-ընդգծել է նախարար Պապիկյանը։
Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում նախարար Պապիկյանը և դեսպան Էրլունը մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում հայ-չինական համագործակցության հետագա ամրապնդման և համատեղ ծրագրերում նոր տիպի կորոնավիրոսով պայմանավորված խոչընդոտների հաղթահարման շուրջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







