Հուսով եմ, որ կորոնավիրուսի պայմաններում կկարողանանք ստեղծել տոնական մթնոլորտ բոլորի և հատկապես՝ վետերանների համար։ Այս մասին նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Միր» հեռուստալիքի լրագրողի հարցին, թե ինչպես է Հայաստանը նշելու Հաղթանակի տոնը։
«Մայիսի 9-ին մենք կկազմակերպենք միջոցառումներ, և դրանց հիմնական էությունը փառաբանելն է այն վետերաններին, ովքեր դեռ մեզ հետ են: Ներկայումս Հայաստանում ապրում է 287 վետերան, և մայիսի 9-ին տեղի կունենան նրանց նվիրված պաշտոնական միջոցառումներ»,- ասել է Փաշինյանը։
Նա հիշեցրել է, որ ՀՀ կառավարությունը որոշել է Հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ պատվավոր մրցանակներ տրամադրել բոլոր վետերաններին՝ 300 հազար դրամի չափով:
«Անցյալ տարի մենք կրկնապատկեցինք Երկրորդ համաշխարհային պատերազմի բոլոր վետերանների թոշակները»- տեղեկացրել է Փաշինյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև իր պապի մասին, ով զոհվել է Հայրենական մեծ պատերազմում։ Նա հայտնել, որ իր պապը մեկնել է ռազմաճակատ, երբ իր հայրը 1 տարեկան էր, և չի վերադարձել։ Փաշինյանը հայտնել է, որ ունի պապի մի քանի հին լուսանկար, որոնք շատ թանկ հիշողություններ են ընտանիքի համար։
Հարցին, թե ինչ է անում իշխանությունը, որպեսզի երիտասարդները հիշեն Խորհրդային միության 107 հերոսների անունները, Փաշինյանը պատասխանել է, որ Հայաստանի երիտասարդությունը և, ընդհանուր ՀՀ բոլոր քաղաքացիները ամեն օր շփվում են այդ պատերազմի հերոսների հետ, որովհետև, օրինակ, Երևանի գլխավոր պողոտաներները հայ մարշալների անուններով են՝ Մարշալ Բաղրամյանի, Մարշալ Բաբաջանյանի, Ծովակալ Իսակովի և այլն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







