Հայաստանի խորհրդարանը ձեռնամուխ է եղել ՀՀ քրեական օրենսգրքում կառավարության ներկայացրած փոփոխությունների քննարկմանը:
Ներկայացնելով օրինագիծը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ օրինագծով նախատեսված է քրեական պատասխանատվություն ծնողական իրավունքներից հրաժարվելուն հարկադրելու համար՝ ճնշումների, սպառնալիքների, խաբեության միջոցով: Նման արարքների համար նախատեսված է 200-500 հազար դրամի չափով տուգանք, կամ 1-3 ամսվա կալանք, կամ 1-4 տարվա ազատազրկում։ Ավելի խիստ պատիժ նախատեսված է այդ արարքը բուժաշխատողի կողմից, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, պաշտոնեական դիրքն օգտագործելով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,շահադիտական դրդումներով` պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:
Այդ դեպքերում նախատեսվում է 2-5 տարի ժամկետով ազատազրկում՝ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով 3 տարի ժամկետով կամ առանց դրա: Իսկ եթե արարքը կատարվել է
կազմակերպված խմբի կողմից, անզգուշությամբ առաջացրել են տուժողի մահ կամ այլ ծանր հետևանքներ` պատժվում են` ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:
Պատասխանատվությունը կվերաբերի նաև ընտանիքի անդամներին, եթե մորն ստիպեն հրաժարվել երեխայից։ Բաթոյանը նշեց, որ նախարարությունում կան բազմաթիվ դեպքեր, երբ ընտանիքի անդամները բժիշկների օգնությամբ ստիպել են մորը հրաժարվել երեխայից: Հիմնականում դրանք դեպքեր են, երբ երեխաներն ունեցել են բնածին հիվանդություններ, հայտարարել Է նախարարը՝ հավելելով, որ եղել են դեպքեր, երբ բուժաշխատողները ծանրացրել են երեխայի վիճակը՝ դրանով իսկ նպաստելով երեխայից հրաժարվելուն։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը նշեց, որ ծանոթ է բազմաթիվ դեպքերի, երբ մերժմանը հարկադրելը կապված է եղել երեխայի սեռի հետ: Մասնավորապես, երիտասարդ մայրերին պարտադրում էին ամուսինները, ավագ սերնդի ներկայացուցիչները, իսկ պատճառը միայն այն էր, որ աղջիկ էր ծնվել ։
Ըստ Բաթոյանի՝ 2018 թվականին ծնողական իրավունքներից հրաժարվելու դեպքերի թիվը կազմել է 33, 2019-ին՝ 34, այս տարի միայն մեկն է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







