Արցախյան հիմնահարցի բանակցային գործընթացին մենք գնում ենք սեփական օրակարգով։ Այս մասին այսօր՝ մայիսի 7-ին հայտարարեց ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը՝ մատնանշելով Արցախի հիմնախնդրի հարցում, իր գնահատմամբ, այն կարևոր ձեռքբերումները, որոնց հնարավոր է եղել հասնել գործող իշխանության օրոք:
Նա նկատեց՝ հայկական կողմը շեշտել է, որ հրադադարի ռեժիմը պետք է պահպանվի, քանի որ հնարավոր չէ ունենալ առարկայական բանակցություններ, երբ հակառակորդը փորձում է խոսել սպառնալիքի կամ ուժի սպառնալիքի լեզվով: Եվ այդ կոնտեքստում ունեցանք հրադադարի ռեժիմի պահպանում, սահմանային միջադեպերի նվազում՝ թեև ժամառակ առ ժամանակ հակառակորդը խախտվում էր այն: Հայրապետյանը կարևորեց նաև հումանիտար միջոցառումների համատեքստում Հայաստանից, Արցախից և Ադրբեջանից լրագրողների փոխայցերը, որը փաստացի վերջին 17 տարում տեղի չէր ունեցել:
Պատգամավորը նկատեց՝ Արցախը բանակցային սեղային վերադարձնելը բարդ ու տևական գործընթաց է, և համառ ջանքեր է պահանջում: Ըստ նրա, առանց Արցախի վերադարձի, հնարավոր չեն առարկայական, շոշափելի ձեռքբերումներով բանակցություններ և եթե Ադրբեջանը պատրաստ չէ նստել բանակցությունների սեղանին Արցախի ընտրված ներկայացուցիչների հետ, բարդ է խոսել՝ ինչպես է պատրաստվում հասնել խաղաղության։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







