Հեռահաղորդակցության ոլորտի ծառայությունների ծավալը գնալով նվազում է, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը՝ աճում: Այս մասին կառավարության ծրագրի կատարման քննարկման ժամանակ Ազգային ժողովում հայտարարեց իմքայլական պատգամավոր Բաբկեն Թունյանը։
Պատգամավորը նշեց՝ կառավարության հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում արդեն իսկ օժանդակությունից օգտվել է ավելի քան 24 հազար տնտեսվարող։
Թունյանը տեղեկացրեց, որ սոցիալական ծրագրերով դրամական օգնություն է ցուցաբերվել ավելի քան 380 հազար մարդու։ Մոտ 100 հազար մարդու աջակցություն է ցուցաբերվել, ինչը նաև տնտեսվարողներին օգնություն է եղել։
Նա ընդգծեց՝ 2019 թվականին ունեցել ենք 7,6 տոկոս տնտեսական աճ, որը տարածաշրջանում ամենաբարձրն էր։ Այս աճին նպաստել է մշակող արդյունաբերությունը, ֆինանսական ու ապահովագրության ոլորտը, հանքարդյունաբերության ոլորտը, առևտուրը, իսկ բուքմեյքերական, զվարճանքի ոորտը այդ ամենի մեջ ընդամենը 0,5-0,6 տոկոսային կետով է մասնակցություն ունեցել։ Արտահանում-ՀՆԱ հարաբերակցության մասով, Թունյանը նկատեց, որ 2019 թվականին 2017 թվականի համեմատ մեկ տոկոսային կետով աճ է գրանցել՝ ներմուծումը աճել է 10,8 տոկոսով, արտահանումը 9,4 տոկոսով․ տարբերության ճեղքվածքը փոքրացել է։
«Վիճակագրական կոմիտեն ամեն եռամսյակ հրապարակում է զեկույց, որը կոչվում է հետաքրքրաշարժ վիճակագրություն: Դրանում առանձին ներկայացված է տեղեկատվական տեխնոլոգիակաների ոլորտի դինամիկան: Ընդհանուր տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտի ծավալը 2019-ին կազմել է 310 մլրդ դրամ, որը ՀՆԱ-ի 4,7 տոկոսն է: Եթե հանում ենք հեռահաղորդակցության ոլորտը, դիտարկում միայն մաքուր տեղեկատվական տեխնոլոգիաները, ապա այն ՀՆԱ-ի մեջ կազմում է 2,6 տոկոս: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի աճը 30 տոկոս է, ընդ որում հեռահաղորդակցության ոլորտի ծառայությունների ծավալը գնալով նվազում է»,-ասաց Թունյանը:
Թունյանը անդրադարձավ նաև ընդդիմախոսների քննադատություններին ու ասաց, որ դեռ սպասում են և չեն ստացել նրանց առաջարկները։
Բացթողումների մեջ՝ Թունյանն առանձնացրեց բարեփոխումների կատարման գործընթացում դանդաղելը։
«Ճգնաժամը հնարավորություն կտա ավելի կայացած դուրս գալ իրավիճակից»,-ասաց Թունյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







