Հույս ունեմ՝ Արցախի ազատամարտի վետերաններին չենք հասցնի մինչև 70 տարեկան ու նոր ինչ-որ պարգևավճարներ տանք, մինչև դա մարդ չի մնա: Այս մասին այսօր ԱԺ նիստի ժամանակ ասաց «Իմ քայլ» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանի կողմից ներկայացված Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը ԱԺ օրակարգ ընդգրկելու մասին հարցին:
«Արցախյան ազատամարտի մասնակիցներին թոշակի անցնելու դեպքում 5 հազար դրամ հավելավճար տալը շատ մեծ պրոբլեմ են սարքել: Կուզեի, որ մեր կառավարությունն ուշադրություն դարձներ նաև դրան: Իրոք, այսօր շքանշաններ ունեցող շատ մարդիկ կան, Արցախյան պատերազմի վետարեններ կան, որ ոչ բարվոք վիճակում են, սոցիալական մեծ խնդիրներ ունեն: Մենք ոչ թե «լացում ենք», այլ հարցեր կան, որ պետք է ըստ արժանվույն գնահատվեն», — ասաց պատգամավորը:
Ըստ նրա՝ այս նախագծի ընդունումը՝ մեծ տրագեդիա չէ: «Եթե մինչև մայիսին էլ մարդ չի մնա, կեսն էլ կթեթևանա, ինձ թվում է՝ կարելի է անել»,-ասաց նա:
Նախագիծը օրակարգ չընդգրկվեց և ստացավ 39 կողմ ձայն, 77 դեմ և երկու ձեռնպահ: Հիշեցնենք, որ 2020 թվականի մայիսի 9-ին լրանում է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75 ամյակը: Ներկա դրությամբ ՀՀ-ում ապրում են 276 վետերաններ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանի հեղինակած «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում էր Հայրենական պատերազմի վետերանների ամենամսյա պատվովճարի 100 հազար դրամի չափը կրկնապատկել` սահմանելով 200 հազար դրամ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






