Տրանսանատոլիական գազատարը (TANAP) Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի փոխգործակցության վառ օրինակ է, որի կապերը հիմնված են փոխադարձ վստահության վրա։
Այս մասին ասվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «TANAP. խաղաղության և տարածաշրջանային զարգացման նախագիծ» վերնագրով հոդվածում, որը հրապարակվել է Diplomat ամսագրի և The New York Times թերթի համատեղ հավելվածում, փոխանցում է Anadolu գործակալությունը։
Ըստ Էրդողանի՝ այս էներգետիկ նախագիծը դարձել է բարեկամության խորհրդանիշ երեք երկրների միջև, որոնք նպաստում են տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։
Թուրքական պետության ղեկավարը հիշեցրել է, որ պատերազմի վերջին երկու հարյուրամյակներում և աշխարհում հակամարտությունները հիմնականում իրականացվել են էներգետիկ ռեսուրսներ գրավելու նպատակով:
«Այդ հակամարտությունները մեծ ազդեցություն են ունեցել նաև մեր տարածաշրջանի, այդ թվում ՝ Թուրքիայի և Վրաստանի վրա, թեև երկու երկրների էներգետիկ պաշարները այնքան էլ մեծ չեն։ Ռեսուրսների վերահսկողության նպատակով՝ հակասություններ և հակամարտություններ բորբոքելու որոշակի ուժերի փորձերի լավագույն պատասխանը TANAP նախագիծն է, որն իրականացվել է տարածաշրջանում խաղաղության և համագործակցության ապահովման նպատակով», — ասված է Էրդողանի հոդվածում:
Թուրքիայի նախագահը TANAP-ը համարել է 3,5 հազար կմ երկարությամբ Հարավային գազային միջանցքի կարևոր օղակ և հիշեցրել Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի փոխգործակցության շնորհիվ իրականացված այլ հաջողված նախագծերի մասին։
«2006 թվականին շահագործման է հանձնվել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը։ 2007 թվականին կառուցվեց Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը։ Վերջապես, երեք երկրների համատեղ ջանքերը թույլ տվեցին իրականացնել Տրանսանատոլիական խողովակաշարի նախագիծը, որի առաջին քայլը դարձավ 2011 թվականի հոկտեմբերի 25-ին Թուրքիա-Ադրբեջան միջկառավարական համաձայնագրի ստորագրումը։ Խողովակաշարը տեղադրվել է ռեկորդային երեք տարվա ընթացքում, իսկ ադրբեջանական գազը TANAP-ով Թուրքիա է հասել արդեն 2018 թվականի հունիսի 12-ին։ 2019 թվականի նոյեմբերի 30-ին տեղի ունեցավ Եվրոպայի հետ գազամուղը միավորող հատվածի բացումը», — հիշեցրել Է Թուրքիայի նախագահը։
Թուրքիայի նախագահը վստահություն է հայտնել, որ TANAP գազամուղը կնպաստի Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը:
«Թուրքիան քաղաքական և առևտրային աջակցություն է ցուցաբերում գազի փոխադրման բոլոր փուլերին՝ սկսած Ադրբեջանից և վերջացրած Եվրոպայով», — ընդգծել է Թուրքիայի առաջնորդը ՝ անվանելով Տրանսանատոլիական գազատարը՝ էներգետիկ Մետաքսե ճանապարհ:
«Շնորհիվ հաջող խաղաղասիրական արտաքին քաղաքականության, ուժեղ տնտեսության և կայուն իշխանության՝ Թուրքիան հուսալի կամուրջ է մնում գազի և նավթի հարուստ աղբյուրներով և սպառող պետություններով երկրների միջև», — գրում է Էրդողանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







