ՀՀ Կառավարությունն այսօր՝ ապրիլի 30-ին, տեղի ունեցած նիստում փոփոխություններ և լրացումներ կատարեց գյուղոլորտի աջակցության փաթեթում:
ֆերմերային գյուղատնտեսական ոլորտի համար հիմնական վարկային գործիքը 3-15 մլն դրամի ֆինանսական աջակցությունն է: Եվ այս որոշմամբ՝ եթե այդ միջոցները պետք է օգտագործվեն տավարաբուծության նպատակով, ապա առավելագույն 15 մլն դրամ սահմանաչափի փոխարեն կիրառվելու է 50 մլն դրամ սահմանաչափ, այսինքն՝ երեք անգամ ավելի:
Ոչխարաբուծության դեպքում առաջարկվում է սահմանել 30 մլն դրամ սահմանաչափ: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ հարևան շուկաներում ոչխարի պահանջարկը շարունակում է բարձր մնալ, և ֆերմերային տնտեսությունները կարող են օգտվել այդ հնարավորությունից:
Ըստ նախարարի՝ տոհմային անասնաբուծությամբ զբաղվող ֆերմերային տնտեսությունները, որոնք ունեն խելացի անասնաշենքեր, իրավունք կունենան օգտվել կառավարության 30 տոկոս համաֆինանսավորումից:
Գյուղատնտեսական կոոպերատիվներն այսուհետ կարող են օգտվել աջակցության ծրագրից՝ չներկայացնելով անցյալ հարկային և վարկային պատմության ապացույց:
Հաջորդ փոփոխությամբ պետությունը՝ կհամաֆինանսավորի այն ֆերմերներին, որոնք կօգտվեն լիզինգի գործիքից․ պետության համաֆինանսավորումը կկազմի 10 տոկոս:
Խաչատրյանն ասաց, որ այն ֆերմերները, որոնք ավանդական ծիրանի, դեղձի կամ թզի այգի են տնկում, կվարկավորվեն մինչև 30 մլն դրամ, մայր գումարի վերադարձը նախատեսվում է 4 տարի հետո միայն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







