ՀՀ կառավարությունը 4.9 տոկոս տնտեսական աճի փոխարեն 2 տոկոս տնտեսական անկում է կանխատեսում, սակայն տնտեսական անկումը շատ ավելի զգալի կլինի, քան սպասում են դրան գործող իշխանությունները: Այս մասին ապրիլի 28-ին Ազգային ժողովի արտահերթ նիստին «2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Ըստ խորհրդարանականի` կանխատեսված տնտեսական աճի անկումից ենթադրվում է, որ մի քանի ամիս հետո նորից գալու եք Ազգային ժողով և բարձրացնեք դեֆիցիտի և թվերը ճշգրտելու խնդիրները։
Ի պատասխան՝ նախարար Ջանջուղազյանն ասաց, թե չի բացառում, որ հետագայում ևս կարող է առաջանալ պետբյուջեում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն, իսկ թե հետո ինչ կլինի, չի կարող այս պահին ասել:
Անդրադառնալով աջակցության ծրագրերին, ՀՀ ֆինանսների նախարարը նկատեց, որ բազմաթիվ են տնտեսվարող սուբյեկտները, որոնք օգտվել են Կառավարության աջակցության ծրագրերից, և այդ տեղեկատվությունն էլ պարբերաբար թարմացվում է, հստակ թիվ ասելը բարդ է։
Արձագանքելով նախարարին՝ Միքայել Մելքումյանը հակադարձեց, որ ինքը հաշվարկներ ունի, ըստ որի՝ հնչեցված 90 հազար տնտեսվարողից ընդամենը 10 տոկոսն է դարձել շահառու:
Մելքումյանը հիմնավորեց իր դիրքորոշումը նրանով, որ եթե տնտեսությանը աջակցության համար տրամադրվող պետական օգնությունը բաշխել օրերի, ապա կպարզվի, որ այդ միջոցները գրեթե 10 անգամ պակաս են իրական աջակցության համար անհրաժեշտ իրական գումարից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







