«Երբ մենք հայտարարում էինք, որ ապրիլի 24-ին չպիտի թույլ տանք այցելել Ծիծեռնակաբերդ՝ ներողություն խնդրելով, ինքներս մեզ դատափետելով, շատ կոնկրետ շրջանակներից եղան մեկնաբանություններ, որ ապազգային, պրոթուրքական իշխանությունը հատուկ փակում է Ծիծեռնակաբերդը, որպեսզի մոռացության մատնի Հայոց ցեղասպանության պատմությունը»։ Այս մասին այսօր՝ ապրիլի 27-ին՝ վաղ առավոտյան ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսով պայմանավորված Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի փակ լինելու վերաբերյալ հնչած քննադատություններին։
«Մենք ցույց տվեցինք ազգայինի մեր ընկալումը և հակադրեցինք այն հին ընկալումներին, որոնք ես անվանում եմ «ատկատային ընկալումներ», քանի որ ոմանք չենք խորշել ազգային միջոցառումների տակ որոշակի ատկատներ ապահովել»,- ասաց վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ այսկերպ ցույց տվեցին ազգային ինքնության, հայի տեսակի իրենց ընկալումը և այկերպ հակադրվում են մինչ այժմ եղած բազմաթիվ ընկալումներին, և սա է ապրիլի 24 ամենակարևոր խորհուրդը։
«Այո, մենք ասում ենք, որ ազգային ասելով ավելի քան 25 տարի ազգին թշվառացրել ու թալանել են, և դա արել են ազգային ամենաբարձր կարգախոսների ներքո։ Ես չեմ հավատում այն մարդկանց, ովքեր ազգային կարգախոսների ներքո՝ այդ թվում ընդունելի, ազգին մատուցած մի շարք ծառայություններ համարել են լեգիտիմություն՝ ազգին նվաստացնելու, թալանելու, միլիոններ ու միլիարդներ վաստակելու, փողեր լվանալու միջոցով»,- ասաց վարչապետը՝ ընդգծելով, որ այս տարվա ապրիլի 24-ի միջոցառումները, որոնք 100 % անթերի չէին, բայց ազգայինի իրենց ընկալումն են։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







