2020 թ. ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի ոգեկոչման օրը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն առցանց քննարկում անցկացրեց՝ հարգանքի տուրք մատուցելու մեկ դար առաջ նահատակվածների հիշատակին և մեծարելու մերօրյա հերոսներին, այդ թվում և նրանց, ովքեր այսօր պայքարում են կորոնավիրուսի համավարակի բռնկման դեմ։ Տարիներ շարունակ Նախաձեռնության հաստատած ավանդույթի համաձայն՝ հայտնի դարձան 2020 թ. «Ավրորայի» հերոսների անունները, որոնց «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովն ընտրել է խիզախության, անձնվիրության և ունեցած ազդեցության համար։
«Մենք երկրագնդի մի մասն ենք, մարդկության մի մասն ենք։ Մենք այնպիսի օրինակ ենք հաստատում, որ բարոյապես արդարամիտ ժողովուրդները կարող են ծանր ժամանակներում մարդկությանը մերթընդմերթ հիշեցնել, որ միայնակ չենք։ Մենք միմյանց պահապաններն ենք։ Մենք ներկայացնում ենք այն ժողովրդին, որը նշանավորում է համերաշխություն և կարեկցանք»,- նշեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր և «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Վարդան Գրեգորյանը։
«ԱՎՐՈՐԱՆ՝ աշխարհին դաշնակից» առցանց քննարկմանը, որը վարում էր «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործադիր տնօրեն Նիկոլա Ստանիշը, մասնակցում էին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Նուբար Աֆեյանը, Վարդան Գրեգորյանը և Ռուբեն Վարդանյանը, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին և «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն:
«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին առցանց հայտարարեց 2020 թ. «Ավրորայի» հերոսների անունները. Ֆարթուն Ադան և Իլվադ Էլման, Անժելիկ Նամայկա, Սոֆի Բո և Կլաուս Ֆոգել, Սաքինա Յակուբի։
Առցանց քննարկման ընթացքում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը նաև պաշտոնապես ազդարարեց 2021 թվականի «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլի մեկնարկը և կոչ արեց առաջադրել ոգեշնչող մարդասերների, ներառյալ նոր կորոնավիրուսի համավարակի բռնկման դեմ պայքարողներին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







