1915 թվականի մարտի 18-ին սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմի ամենաարյունալի ճակատամարտերից մեկը` Գալիպոլիի ճակատամարտը (հայտնի է նաև Դարդանելի գործողություն կամ Չանաքկալեի ճակատամարտ անուններով): Ճակատամարտ, որում Oսմանյան կայսրության բանակի կազմում իրենց մասնակցությունն են ունեցել հարյուրավոր հայեր։
Պատերազմում «հայկական հետքի» ի հայտ գալը՝ ագուցված ցեղասպանության դաժան իրողության և հետևանքների հետ, Թուրքիայում միանշանակ ընդունելի չէր։
Սակայն հայերից մեկն էր օսմանյան բանակի հայազգի սպա Սարգիս Թորոսյանը, ում անունը պատմության էջերից ջնջելն այդքան էլ հեշտ չէ, առավել ևս այն դեպքում, երբ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից Սարգիս Թորոսյանի «Դարդանելից մինչև Պաղեստին» սկզբնաղբյուրային բացառիկ նշանակության հուշագրությունը թարգմանվել և հրատարակվել է նաև ռուսերենով, հասանելի է նաև գրքի թուրքերեն և անգլերեն տարբերակները։

Ո՞վ էր հայազգի սպան, ի՞նչ սխրանքներ է գործել Դարդանելիի ճակատամարտում, որի շնորհիվ պարգևատրվել է օսմանյան կառավարության կողմից, սակայն, այդ նույն կառավարության կողմից նրա մտերիմներն ու հարազատները աքսորվել են և վայրենաբար սպանվել:
Կապիտան Սարգիս Թորոսյանը ծնվել է 1891թ. Էվերեկ քաղաքում, ավարտել է տեղի հայկական թեմական դպրոցը: Սարգիսը զինվոր դառնալու մեծ ցանկություն է ունեցել, սակայն Օսմանյան կայսրությունում մինչև 1908թ. սահմանադրությունը քրիստոնյաների համար զինվորական գործը խստիվ արգելված է եղել: Երազանքի իրականացմանը օգնել է նրա ընկերությունը Մուհարրեմ անունով արաբ մի ուսանողի հետ, ում հայրը` լինելով ազդեցիկ փաշա, կազմակերպում է երկու տղաների ընդունելությունը ռազմական քոլեջ:
Ավարտելով քոլեջը` 1914թ. Սարգիսն ստանում է հրետանային լեյտենանտի կոչում և երեք ամսով գործուղվում Գերմանիա:

Ինչպես տեղեկացնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, Թուրքիայի՝ պատերազմի մեջ մտնելուց առաջ, Թորոսյանը նշանակվում է Էրթուղրուլ ֆորտի հրամանատար, որը պաշտպանում էր Դարդանելի մուտքը։ Նա առաջինն էր, ով 1915 թվականի սկզբին ոչնչացրեց բրիտանական ռազմանավը Դարդանելի ճակատամարտում: Սարգիս Թորոսյանի այս քայլը գնահատանքի արժանացավ թուրք բարձրաստիճան պաշտոնյաների կողմից: Գեներալ Ջևադ փաշան վերջինիս ներկայացնում է Ռազմական գործերի նախարար Էնվեր փաշային` ընդգծելով, որ կապիտան Թորոսյանի ղեկավարած ֆորտերը միակն էին, որոնց հաջողվեց ջրասույզ անել հակառակորդի նավերը:
Ընդունելության ընթացքում նախարար Էնվեր փաշան, իր հերթին, Սարգիս Թորոսյանին ներկայացնում է գերմանացի բարձրաստիճան սպաներ մարշալ Լիման ֆոն Սանդերսին և գեներալ Ֆոն դեր Գոլցին` որպես «Դարդանելի հայ հերոսի»:

Հանդիպման ընթացքում Էնվերն ու գերմանացի զինվորականները խորհրդակցում են Սարգիս Թորոսյանի հետ Չանաքկալեի ռազմաճակատում ստեղծված ռազմական իրադրության և բրիտանացիների հաջողության հասնելու հնարավարությունների մասին: Ավելին, ցուցաբերած քաջության համար Էնվեր Փաշան Թորոսյանին նաև մեդալներով է պարգևատրել:
1915թ. հունիսից, երբ սկսվեց կայսրության հայ բնակչության տեղահանությունն ու կոտորածը, Սարգիս Թորոսյանի ծնողներն ու քույրը ևս տեղահանվեցին ու ուղարկվեցին Դեր Զոր:
Էվերեկի ղեկավար Զեքին, նախքան տեղահանելն, առաջարկել էր Թորոսյանի ծնողներին իսլամ ընդունել և իրենց փոքր դստերը կնության տալ իր զարմիկին: Սակայն առաջարկը մերժվել է: Թորոսյանը փորձել է իր ընտանիքի փրկության համար միջնորդություն հայցել թուրք բարձրաստիճան զինվորականներից, սակայն, փոխարենը վերջիններս Թորոսյանին սպանելու փորձ են կատարել:
«…Հեռագիր ստացա, որտեղ ասվում էր, որ ծնողներիս սխալմամբ արտաքսել են: Պաշտպանության նախարարին ուղղված խնդրագիր կազմեցի, զեկուցեցի Էվերեքի քաղաքապետի քայլերի մասին ու խնդրեցի անմիջապես շտկել իրավիճակը: Գերագույն օրենքն ասում էր, որ քրիստոնյա զինվորականների ընտանիքներին չի կարելի հետապդնել, սակայն Թալեաթ փաշան՝ Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարարը, խախտեց այդ օրենքը»,- գրել է իր հուշերում Թորոսյանը:
Ավելի ուշ, թուրք սպաներից նա տեղեկանում է, որ Թալեաթ փաշան իր սիրուհիներից մեկի` Ֆահրիե Հումանի օգնությամբ ծրագրել էր թույնել իրեն, իսկ մարմինը` ծովը նետել:
Որոշ ժամանակ անց` Թորոսյանը Պաղեստինում ենթարկվում է երկրորդ մահափորձին: Երիտթուրքերի հանդեպ ունեցած ատելությունը և ծնողների սպանությունը ստիպում են Թորոսյանին միանալ արաբներին, որոնք Նուրի Յուսուֆի ղեկավարությամբ գործում էին Դաշնակիցների հովանու ներքո: Իր խիզախության, ղեկավարելու բացառիկ ունակության և հմուտ հրամանատարության համար Թորոսյանն Անգլիայի ու Ֆրանսիայի կողմից արժանացել է բարձր պարգևների: Թորոսյանն արժանացել է նաև Օսմանյան կայսրության և Գերմանիայի, Ավստրիայի, Բուլղարիայի ռազմական պարգևներին:
Նշվում է, որ Արաբական անապատներից մեկում Թորոսյանը գտնում է իր քրոջը` Բայզարին, ով իր ընտանիքի անդամներից միակ վերապրողն էր: Սակայն, շուտով և՛ քույրը, և՛ Ջամիլեն մահանում են հիվանդություններից: Կիլիկիահայերի վերադարձից հետո Թորոսյանը մասնակցել է քեմալականների դեմ կազմակերպված տեղական ինքնապաշտպանական մարտերին, որի անհաջող ավարտից հետո տեղափոխվել ԱՄՆ` Փենսիլվանիա: 1927 թ. Բոստոնում Սարգիս Թորոսյանը հրատարակել է իր հուշերը` «Դարդանելից Պաղեստին» վերնագրով: Հինգ ռազմաճակատներում ձեռք բերած փորձն ու իրազեկությունը հիմք են հանդիսանում կապիտան Թորոսյանի համար շարադրելու բացառիկ նշանակության ընդարձակ օրագիր:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







