Մարդու գործած ոճիրը կհարատևի այնքան, որքան այն կմնա անպատիժ. Հայոց ցեղասպանությունը դրա վառ վկայությունն է: Այս մասին նշել է Լիբանանի նախագահ Միշել Աունը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի իր ուղերձում, փոխանցում է «Արմենպրես»-ը։
«Հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունը համամարդկային գիտակցության վրա այն դրոշմն է, որը մեզ մշտապես հիշեցնում է, որ մարդու գործած ոճիրը կհարատևի այնքան, որքան այն կմնա անպատիժ: Արդարությունը մարդասիրության միակ ճանապարհն է»,-նշել է նախագահ Աունը:
Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր:
Այսօր աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն: Լիբանանի Պատգամավորների պալատն առաջին որոշումն ընդունել է 1997թ. ապրիլի 3-ին, իսկ 2000թ. մայիսի 11-ին խորհրդարանը ևս մեկ որոշմամբ դատապարտել է ոճրագործությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







