2020թ.-ի բյուջեի հիմքում ընկած տնտեսական 4․9 տոկոս իրական աճի փոխարեն կունենանք 2 տոկոս անկում: Այս մասին ապրիլի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Նրա խոսքով՝ սակհանգեցնի նաև անվանական համախառն ներքին արդյունքի մեծության փոփոխության, ինչն էլ իր հերթին բերում է բյուջետային ցուցանիշների որոշակի վերանայման անհրաժեշտության:
«2020 թվականի բյուջեի մասին օրենքն ընդունելիս գործնականում հնարավոր չէր կանխատեսել այն, ինչ տեղի ունեցավ և չեք գտնի որևէ պետություն, որ համաճարակի հետ կապված զարգացումներին արձագանքած չլինի: Ակնհայտ է, որ Հայաստանը, լինելով բաց տնտեսություն, չի կարող անհաղորդ մնալ արտաքին աշխարհում տեղի ունեցող զարգացումներին և, ըստ էության, արտաքին ցնցումներն իրենց դրսևորումը գտնում են երկրներում տնտեսական աճի վրա բացասական ազդեցությամբ, որն իր հերթին Հայաստանի համար առաջացնում է խնդիրներ», — ասաց Ատոմ Ջանջուղազյանը։
Նախարարը նշեց՝ որպես այս ամենի հետևանք՝ առկա են արտահանման կրճատման սպասումներ, դրամական փոխանցումների ներհոսքի նվազում և ծառայությունների հնարավոր կրճատում:
«Վիրուսի դեմ պայքարի շրջանակներում սահմանափակումների հետևանքով կարող է 2-2,4 տոկոս բացասական ազդեցություն ունենալ ՀՆԱ-ի իրական աճի տեսանկյունից», — ասաց նա:
Ջանջուղազյանի տեղեկացմամբ՝ 2020-ին պետք է լրացուցիչ 260 միլիարդ դրամ պետական պարտք ներգրավել:
Ըստ նրա` տնտեսության ծավալը 7 տրիլիոն 955 միլիարդ դրամի փոխարեն կանխատեսվում է 6 տրիլիոնի 485 միլիարդի մակարդակում: «Հարկային եկամուտները 170 միլիարդով պակաս կլինեն, քան 2020 թվականի բյուջեով էր: Նախատեսված 161 միլիարդ դրամի փոխարեն դեֆիցիտը 324 միլիարդ դրամ կկազմի, այսինքն` ՀՆԱ-ի 5 տոկոսը, չնայած ի սկզբանե 2.3 տոկոս էր ենթադրվում»,- ասաց նա:
Նախարարը պարզաբանեց, որ ներկայիս պայմաններում պետական պարտքի ցուցանիշների փոփոխությունն անխուսափելի է, և Հայաստանն այն երկրների շարքում է, որտեղ այս ցուցանիշի մեծ մասը բաժին է ընկնում արտաքին պարտքին, չնայած արտաքին պարտքի մակարդակը բավականին ցածր է: Թե որքան կլինի պետական պարտքը, Ա. Ջանջուղազյանը դժվարացավ ասել․ դեռ վերջնական չէ այն հարաբերակցությունը, թե ինչ չափով միջոցներ կտրամադրվեն արտաքին աղբյուրներից և որքան՝ ներքին շուկայում՝ պետական պարտատոմսեր տեղաբաշխելու ճանապարհով:
«Ինչ վերաբերում է Կենտրոնական բանկի կանխատեսած 0.7 տոկոս տնտեսական աճին, ապա այն գուցե հիմա արդեն այդպիսին է: Իսկ մենք մինչև տարեվերջ նախատեսված 4.9 տոկոսից մինչև 2.9 տոկոս անկում ենք կանխատեսում: ՀՆԱ-ի 4.1 տոկոսը կօգտագործվի կապիտալ ծախսերի ֆինանսավորման համար»,- ընդգծեց նախարարը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







