ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ բոլոր բնակիչ- բաժանորդների համար համընդհանուր ճանաչված՝ վերջիններիս կողմից էլեկտրական էներգիայի, բնական գազի և խմելու ջրի (ջրահեռացման ծառայությունների) դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը սույն թվականի ապրիլի 22-ից համարում է վերացած և հորդորել էր կատարել անհրաժեշտ վճարումները։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում վերոնշյալ որոշումն անվանել է «գրանդիոզ». «Փաստորեն, էս հանձնաժողովը որոշել է, որ եթե սոցիալական որոշ խմբերի հաշվի համարի վրա 67 կամ 100 հազար դրամ են փոխանցել, պարետի կոչով տանը նստած չաշխատող քաղաքացին պիտի վազի գազ-լույս-ջուր մուծի ու գա տուն` «գալադովկա» անի։ Իսկ այն հազարները, ովքեր խելոք տանը նստած են ու աջակցության ոչ մի «պակետում» չկան, նրանց գազ-լույս-ջուր եռամիասնությունը կանջատվի ու վերջիններս անլույս ու անգազ «գալադովկա» կանեն»։
Նա հիշեցրել է նաև, որ հազարավոր ընտանիքներում հոսանքի անջատման հետ ինտերնետն էլ է գնալու, ու երեխաները հրաժեշտ են տալու հեռավար ուսուցմանը։
«Եվ ուրեմն, քանի դեռ շատ ուշ չէ, հետողորմյա արեք էս վատ, շատ վատ գաղափարն ու մարդկանց մի դրդեք հուսահատ քայլերի»,-գրել է Զոհրաբյանը։
Որոշմանն անդրադարձել է նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը. «Կոմունալ վճարումների կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը կվերանա այն ժամանակ, երբ մարդիկ վճարելու փող կունենան։ Անջատումներն անընդունելի են և հղի ծանր հետևանքներով։ ՀԾԿՀ֊ն պետք է վերանայի իր հայտարարությունը»,-գրել է նա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







