Տարածքային զիջումն ուղիղ ճանապարհ է դեպի ոչ միայն Արցախի Հանրապետության, այլ նաև Հայաստանի Հանրապետության անվտանգության համակարգի կործանում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում շեշտել է Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը։
ԱՀ ԱԳ նախարարը գրել է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի, մասնավորապես, հակամարտության փուլային կարգավորման նախագծի ակտիվ քննարկման մասին ՌԴ ԱԳՆ ղեկավարի հնչեցրած պնդումների կապակցությամբ անհրաժեշտ է համարում ընդգծել հետևյալը. «Արցախի Հանրապետության իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում առաջնորդվում են Արցախի ժողովրդի համար երկու բարձրագույն արժեքներով. դրանք են՝ անկախություն և անվտանգություն: Ցանկացած առաջարկներ, որոնք կարող են նույնիսկ աննշան չափով սպառնալ այդ արժեքներին, Արցախի համար անընդունելի են»:
Մասիս Մայիլյանը հիշեցրել է, որ Արցախի ժողովուրդն իրացրել է իր ինքնորոշման «անքակտելի իրավունքը 1991 թ. անկախության հանրաքվեի ժամանակ և այնուհետև առնվազն երկու անգամ արտահայտել իր կամքը 2006 և 2017 թվականներին կայացած Սահմանադրության ընդունման հանրաքվեների ժամանակ»: Առկա իրականությունն անտեսելու փորձերը, Մայիլյանի ձևակերպմամբ, միայն հեռացնում են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման հեռանկարները, որն «անպայմանորեն պետք է հիմնված լինի Արցախի ժողովրդի կողմից ինքնորոշման իրավունքի իրացման փաստի ճանաչման վրա»:
Արցախի ԱԳ նախարարն անհրաժեշտ է համարում նաև նշել, որ Արցախի կողմից տարածքային զիջումների հիման վրա հիմնախնդնդրի լուծման հնարավոր ուղիներ փնտրելն անհեռանկարային է, քանի որ «ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը տարածքային վեճ չէ»:
Ինչ վերաբերում է տարածքային զիջումներին, ապա, Մ․Մայիլյանի ձևակերպմամբ, դա ուղիղ ճանապարհ է դեպի ոչ միայն Արցախի Հանրապետության, այլ նաև Հայաստանի Հանրապետության անվտանգության համակարգի կործանում։
«Հարկ է նաև ընդգծել, որ վերջերս Արցախում կայացած ընտրությունները համոզիչ կերպով ի ցույց են դրել ինչպես հասարակությունում, այնպես էլ հանրապետության քաղաքական ուժերի շրջանում առկա կոնսենսուսը՝ տարածքային զիջումների անթույլատրելիության վերաբերյալ»:
Մասիս Մայիլյանի համոզմամբ՝ առանձին ուշադրության է արժանի նաև բանակցային գործընթացի ձևաչափի մասին պնդումը․
«ՌԴ ԱԳՆ ղեկավարը ճանաչել է անցյալում բանակցություններին Արցախի ուղղակի մասնակցության փաստը, բայց միևնույն ժամանակ լավ և օգտակար անվանել Հայաստան-Ադրբեջան հանդիպումների երկկողմ ձևաչափը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո և ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ: Սակայն ձևաչափի օգտակարության մասին կարելի է դատել լոկ արձանագրված արդյունքներով: Այս կապակցությամբ կցանկանայինք ընդգծել, որ հենց եռակողմ, այլ ոչ թե երկկողմ ձևաչափով է արձանագրվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում միակ իրական արդյունքը՝ 1994 թ. մայիսի 12-ի հրադադարի մասին անժամկետ համաձայնագիրը: Այսպիսով, լիարժեք եռակողմ ձևաչափով բանակցությունների չորս տարիների ընթացքում զգալիորեն ավելին է ձեռք բերվել, քան Հայաստան-Ադրբեջան ձևաչափով երկկողմ հանդիպումների ավելի քան 20 տարիների ընթացքում»:
Եռակողմ ձևաչափն, ըստ Արցախի արտգործնախարարի, գործնականում ապացուցել է իր արդյունավետությունը, «և, հետևաբար, դրա վերականգնումը լուրջ ներդրում կդառնա ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում»:
Մասիս Մայիլյանը հիշեցրել է ՀՀ վարչապետի՝ անցյալ տարվա աշնանը հնչեցրած հայտարարությունը, թե հակամարտության կարգավորման շուրջ Արցախի և Հայաստանի իշխանությունների պատկերացումները նույնական են և այդ դիրքորոշումը հաստատել են նաև Արցախի իշխանությունները: «Սա չի նշանակում, որ բանակցություններում Հայաստանը պետք է ներկայացնի Արցախի շահերը: Համոզված ենք, որ բանակցային գործընթացում Արցախի ժողովրդի շահերը պետք է ներկայացնեն Արցախի Հանրապետության պաշտոնատար անձինք, որոնք ժողովրդից համապատասխան մանդատ են ստացել: Հայաստանի Հանրապետությունը, իր կողմից, կշարունակի պաշտպանել Արցախի Հանրապետության շահերը միջազգային ասպարեզում և ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո հանդիպումներում»:
Մասիս Մայիլյանը նշել է, որ ՌԴ ԱԳՆ ղեկավարի հնչեցրած առաջարկները հանդիսանում են, այսպես կոչված, մադրիդյան սկզբունքների ձևափոխված բազմաթիվ տարբերակներից մեկը:
2016 թ. Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան, ըստ Մասիս Մայիլյանի, համոզիչ կերպով ցուցադրել է արցախյան կողմի պնդումների իրավացիությունը հակամարտության նոր սրացման վտանգի մասին՝ ներկայիս ստատուս քվոն փոխելու ցանկացած փորձի դեպքում, որը «ոչ միայն Արցախի Հանրապետության, այլև ողջ տարածաշրջանի համար անվտանգության համակարգի հիմքերից մեկն է»:
Ինչ վերաբերում է այս փուլում քննարկվող հարցերին, ապա «կողմերը կարգավորման որևէ կոնկրետ պլան չեն քննարկում: Դա նշանակում է, որ սեղանին չկան, այսպես կոչված, մադրիդյան կամ այլ առաջարկներ: Ակնհայտ է, որ այժմ առավել հրատապ խնդիրներն են հրադադարի ռեժիմի ամրապնդումը, զինված ուժերի շփման գծում ռիսկերի նվազեցման մեխանիզմի ներդնումը և վստահության ամրապնդման միջոցառումների իրականացումը: Հենց այս հարցերի շրջանակներում են քննարկումներ ընթանում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումների ժամանակ, ինչի մասին են վկայում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները: Պաշտոնական Բաքվի հայտարարությունները, որը բազմիցս դժգոհել է առարկայական բանակցությունների բացակայությունից, նույնպես փաստում են, որ կարգավորման որևէ կոնկրետ պլան չի քննարկվում»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







