Խորհրդարանն առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց Հարկային օրենսգրքի լրացումներին․նախագծերը նպատակ ունեն մեղմել ճգնաժամի հետևանքները, երկուսն էլ հակաճգնաժամնային նախագծեր են:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի ներկայացրած Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է ներմուծվող կամ ձեռք բերվող հիմնական միջոցների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը ռեզիդենտ շահութահարկ վճարողի հայեցողությանը թողնելու հնարավորությունը ընձեռել բոլոր տնտեսվարողներին, սակայն ժամանակավորապես` մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը կատարվող ներդրումների համար: Ամորտիզացիոն ժամկետները ինքուրույն որոշելու հնարավորությունը լրացուցիչ խթան կլինի այն ընկերությունների համար, որոնք մտադրություն ունեին (ունեին) կատարել կապիտալ ներդրումներ, և կշահագրգռի նրանց ներդրումների կատարումը տեղափոխել ավելի մոտ ժամանակահատված:
Նշվում է, որ ներդրումների խթանմանն ուղղված այլ միջոցառումների համատեքստում` այս հնարավորությունը կմեծացնի դրանց արդյունավետությունը և կնպաստի ներդրումների աճին ընթացիկ տարում, ինչը առավել քան կարևոր է կորոնավիրուսի հետևանքով առաջացած տնտեսական խնդիրների համատեքստում:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի ներկայացրած օրենքի նախագիծը ևս փոփոխություն է նախատեսում հարկային օրենսգրգում։ Նախագծով՝ առաջարկվում է ժամկետանց հարկային պարտավորությունների համար տույժի հաշվարկը ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 2020 թվականի ապրիլի 20-ից հետո 0.075 տոկոսի փոխարեն հաշվարկել 0.04 տոկոսի չափով: Ընդ որում, մինչև օրենքն ուժի մեջ մտնելը սկսված տույժերի հաշվարկը 2020 թվականի ապրիլի 20-ից հետո շարունակվելու է 0.04 տոկոսի չափով մինչև դրանց հաշվարկման համար 730 օրը լրանալը: Արգելադրման համար օրենսգրքով սահմանված հարկային պարտավորությունների 500 հազար դրամ չափը 2020 թվականի ապրիլի 20-ից հետո փոխարինել 1 միլիոն 500 հազար դրամով: Ընդ որում, նշված չափը հաշվի է առնվելու 2020 թվականի ապրիլի 20-ից հետո արգելադրման գործիք կիրառելիս: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է մեղմել կորոնավիրուսի տարածման տնտեսական հետևանքները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







