2020 թ. ապրիլի 21-ին կայացել է ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստը` բացառապես ս.թ. մարտ-ապրիլ ամիսներին կայացած համապետական ընտրությունների հարցերի օրակարգով: Նիստը վարել է հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը, մասնակցում էին հանձնաժողովի 8 անդամներից 7-ը, ԿԸՀ աշխատակազմի մասնագետներ, հրավիրված էին ԶԼՄ ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում են Արցախի ԿԸՀ-ից։
Ղեկավարվելով ԱՀ Սահմանադրությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշել է` ԱՀ նախագահի 2020 թ. ապրիլի 14-ի ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով Հանրապետության նախագահի երկու թեկնածուներին կողմ քվեարկած 45 288 ընտրողների 88 տոկոս կամ 39 860 կողմ քվեներ ստանալու կապակցությամբ Արցախի Հանրապետության նախագահ ընտրված համարել Արայիկ Վլադիմիրի Հարությունյանին:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստում ամփոփել է նաև 2020թ. ապրիլի 14-ին անցկացված ԱՀ նախագահի երկրորդ փուլի ընտրությունների արդյունքներն ու դրա վերաբերյալ որոշում ընդունել առ այն, որ ընտրությունների նախապատրաստման և քվեարկության ընթացքում տեղի չեն ունեցել ԱՀ ընտրական օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







