Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը մի քանի սերունդների և ամբողջ հայության միասնական գործն է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին, Կառավարության մամուլի կոնտրոնում հրավիրված ասուլիսին ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Մնացականյանը Հայոց ցեղասպանության ճանաչումը կարևոր է համարում մարդկության դեմ հանցագործությունները կանխելու առումով։
«Ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ կատարվել է հսկայական աշխատանք։ Ինչպես բոլոր նախորդ տարիների ընթացքում, երբ ունեցել ենք դժվարություններ, այս տարի ևս դժվարությունները առկա են, բայց երբևէ չենք դադարեցրել մեր հարգանքի տուրքը մատուցել նահատակներին ու միասնական ձայնը հնչեցնել ցեղասպանությունների դեմ»,- ասաց ԱԳ նախարարը։
Մնացականյանը նաև հայտնեց, որ այս տարի աշխարհում ապրող բոլոր հայերը հնարավորություն կունենան բերել իրենց մասնակցությունը և այդ միասնական ձայնը հնչեղ դարձնել, որ 105 տարի անց հայ ժողովուրդը շարունակում է պայքարել արդարության վերականգնման համար։
«Հայոց ցեղասպանության ճանաչումը կարևոր քայլ է մարդկության դեմ հանցագործությունների ու ոճրագործությունների կանխարգելման առումով»,- ասաց Մնացականյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







