ՀՀ Կառավարության մամուլի կենտրոնում այսօր՝ ապրիլի 21-ին, հրավիրված ասուլիսին ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն անդրադարձավ Ռուսաստանի «Դոմոդեդովո» օդանավակայանում տիրող իրավիճակին։
Փոխնախարարը մեր հայրենակիցներին հորդորեց ենթարկվել տվյալ երկրի կանոններին ու օրենքներին։
«Սահմանափակումները վերաբերում են նրան, որ երկու հոգուց ավելի մարդ համապատասխան տարածքում չպետք է լինի, ուրեմն՝ չպետք է լինի: Եթե պահանջում են դիմակներ կրել, ուրեմն՝ պետք է կրել: Եթե պահպանվեն բոլոր թելադրվող կանոնները, ես վստահ եմ՝ որևէ խնդրի առաջ չենք կանգնի»,- ասաց Ադոնը՝ միաժամանակ նշելով, որ իրենք տեղյակ են և հետևում են իրադարձություններին, որոնք կատարվում են «Դոմոդեդովոյում»։
Ադոնցը նշեց նաև, որ Ռուսաստանում մեր դեսպանությունը ձևավորել է մի մեխանիզմ, որի արդյունքում մեր քաղաքացիներն ունենում են ժամանակավոր կեցավայր, մինչև կկայանա այն թռիչքը, որով նրանք կվերադառնան Հայաստան։
«Օդանավակայանում հավաքվելու անհրաժեշտություն չկա։ Կոչ եմ անում՝ լսել և համագործակցել մեր դեսպանության հետ։ Մեր աշխատանքներն ընթացքի մեջ են, և մոտ օրերս թռիչքներ կլինեն Ռուսաստանի այլ քաղաքներից՝ Մոսկվայից ներառյալ»,- նշեց փոխարտգործնախարարը։
Հիշեցնենք, որ ապրիլի 12-ից «Դոմոդեդովոյում» մնացել են մարդիկ, որոնք ցանկանում են վերադառնալ Հայաստան, սակայն չվերթ չլինելու պատճառով չեն կարողանում: Այս գիշեր նրանց դուրս են հրավիրել օդանավակայանից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







