Պետությունը աջակցություն կտրամադրի բոլոր ուսանողներին, կախված միջին որակավորման գնահատականից (ՄՈԳ), ուսանողները հնարավորություն կստանան ստանալ անտոկոս կամ շատ ցածր տոկոսադրույքով վարկ: Ասյ մասին այսօր՝ ապրիլի 20-ին, Կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսին ասաց ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը՝ պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է, որ 14-րդ միջոցառման մեջ ընդգրկվեն նաև հեռակա ուսուցման համակարգում սովորող ուսանողները:
Վարչապետի օգնականը հայտնեց, որ բոլոր միջոցառումների մեջ կառավարությունը ցանկանում է դնել մոտիվացիոն մեխանիզմներ՝ հավելելով, որ նույն մեխանիզմն են որոշել դնել նաև 14-րդ միջոցառման մեջ:
«Սրանով խրախուսում ենք լավ սովորելը, այսինքն` բարձր առաջադիմությամբ ուսանողները, գերազանցիկները պետք է վարձի պատճառով համալսարանից դուրս չմնան»,- ասաց Սարգսյանը։
Վարչապետի օգնականը հայտնեց, որ ծրագիր ունեն նաև բոլոր ուսանողների համար՝ անկախ նրանց առաջադիմության մակարդակից և բուհի կարգավիճակից:
«Նախնական քննարկման արդյունքում 80 և ավելի ՄՈԳ ունեցողները կունենան անտոկոս ուսանողական վարկ վերցնելու հնարավորություն, իսկ նրանք, որոնք ավելի ցածր առաջադիմությամբ են սովորում, տարեկան 5 տոկոս տոկոսադրույքով վարկ կստանան»,-ասաց Սարգսյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







