Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը այսօր փոխնախարար Քրիստինե Ղալեչյանի և Լիլիա Շուշանյանի ուղեկցությամբ այցելել է Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության (Մ6) ճանապարհ՝ ծանոթանալու ընթացիկ աշխատանքներին։ Այս մասին հայտնում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
Ըստ հաղորդագրության՝ այս շրջանում հիմնանորոգման գործընթացը առանձին լոտերով ընթանում է Մ6-ի Թումանյան-Բագրատաշենի սահմանային անցակետ ճանապարհահատվածում։
Թումանյան-«Սանահին» կայարան (9․69 կմ) հատվածում նախարարը հետևել է Սանահին կամրջի վերակառուցման մեծածավալ աշխատանքներին։ Տեխհսկողություն իրականացնող կազմակերպության ներկայուցիցչները նախարարին են ներկայացրել Սանահինի կամրջի նախագծային լուծումները:
Նախարարը Սուրեն Պապիկյանը շեշտել է հնարավորինս սեղմ ժամկետներում նախագծային աշխատանքները մանրամասն մշակելու և դետալային ուսումնասիրության անցկացնելու անհրաժեշտությունը` հաշվի առնելով կամրջի հիմանարար նշանակությունը և երկար տարիներ ծառայելու հեռանկարը։
Լոտ-2-ում («Սանահին» կայարան-Հաղպատ, 14․16 կմ), որտեղ շինարարություն է կատարում «ԱԱԲ պրոեկտ» ընկերությունը, նախարարը ծանոթացել է այս պահին ընթացող ենթակառուցվածքների բարեկարգման ընթացքին` մասնավորապես, կոյուղագծերի և ջրագծերի տեղադրմանը, մայթերի և ջրահեռացման վաքերի կառուցմանը:
Նախարար Պապիկյանը կարևորել է ասֆալտի տեղադրմանն ընդառաջ նշյալ աշխատանքների հավուր պատշաճի իրականացումը։ Նշվել է, որ Ալավերդի քաղաքի մի շարք հատվածներում կապալառու կազմակերպությունն արդեն իսկ սկսել է ասֆալտապատումը։
Սուրեն Պապիկյանը այցելել է նաև «ԱԱԲ պրոեկտ» ընկերության քարաղացի և ասֆալտ արտադրող շարժական գործարան, ուր վերամշակվում է ճանապարհից կատարված հանույթը և դարձյալ օգտագործվում ճանապարհի հիմնանորոգումը իրականացնելու համար։
Շրջայցը եզրափակվել է Լոտ-3-ում՝ Հաղպատ-Բագրատաշենի սահմանային անցակետ ճանապարհահատվածում (մոտ 27․9 կմ), ուր շինարարները կատարում են մերձճանապարհային հանույթ։ Կապալառուի՝ իտալական «Սուարդի» ընկերության ներկայացուցիչները նշեցին, որ շինարարության տեխհսկողությունն իրականացնող ընկերության կողմից ասֆալտբետոնի խառնուրդի բաղադրության հաստատումը ստանալուց հետո որոշ հատվածներում կսկսեն ասֆալտապատումը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







