ՀՀ ԱԺ-ն ընդունեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի ներկայացրած Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է իրականացնել հանրապետության մի շարք տարածքների` կենսական նշանակություն ունեցող ճանապարհների վերանորոգման մեծածավալ աշխատանքներ: ԱԺ ապրիլի 17-ի նիստում այն ստացավ 105 «կողմ», 4 «ձեռնպահ» ձայներ:
Նպատակի իրականացման համար վարկառուին տրվելու է տասներեք միլիոն չորս հարյուր հազար եվրո (13,400,000 եվրո): Այս գումարի շրջանակներում, ըստ համաձայնագրի, նախատեսվում է վերանորոգել 450 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհներ:
Մասնավորապես` իրականացվելու է 65 կմ երկարությամբ 12 ճանապարհահատվածների վերանորոգում, վերանորոգվելու են Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի եւ Սյունիքի մարզերի ավտոճանապարհներ, եւ արդեն մի շարք մրցույթներ հայտարարված են:
Վարկային համաձայնագրով նախատեսված ծրագրերը պետք է ավարտված լինեն մինչև 2021թ. դեկտեմբերի 30-ը: Իսկ վարկի մարումը նախատեսվում է 20 տարի ժամկետում, որից առաջին 5 տարին՝ արտոնյալ պայմաններով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







