Ինչպես հաղորդում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը, ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակության օրը, ժամը 10։30-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր տաճարներում դռնփակ կմատուցվի Սուրբ Պատարագ, որի ավարտին կկատարվի Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:
Նշվում է, որ նույն օրը՝ ժամը 12։00-ին, կհնչեն բոլոր եկեղեցիների զանգերը՝ ի ոգեկոչումն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի։
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հրավիրում է մեր ժողովրդի զավակներին՝ համավարակի այս դժվարին պայմաններում, նվիրական այս օրը իրենց տներում աղոթակից լինել հոգևոր դասին և միաբան ու միասիրտ հայցել մեր սուրբ նահատակների բարեխոսությունը առ Աստված՝ աշխարհասփյուռ մեր ժողովրդի առողջ ու անվտանգ կյանքի և մեր հայրենիքի խաղաղության ու բարօրության համար»,- նշված է Մայր Աթոռի հաղորդագրության մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







