ՀՀ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ 116 կողմ ձայներով ընդունել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի, Հայկ Կոնջորյանի հեղինակած «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որով առաջարկվում է կերակրողին կորցնելու աշխատանքային կենսաթոշակի կամ կերակրողին կորցնելու նպաստի իրավունքն առկա (ցերեկային) ուսուցմամբ ուսանողի պարագայում պահպանել ոչ թե նրա մինչև 23, այլ մինչև 26 տարեկան լրանալը՝ հաշվի առնելով՝ 12-ամյա միջնակարգ կրթության և բարձրագույն կրթության որակավորման երկաստիճան համակարգերին անցնելու հանգամանքները:
Հիմնական զեկուցող Հայկ Կոնջորյանի տեղեկացմամբ՝ օրենսդրական փաթեթի վերաբերյալ առաջարկներ չեն ներկայացվել: Ըստ նրա՝ նախկինում, երբ գործել էր այդ կարգավորումը, Հայաստանում գործել է 10-ամյա միջնակարգ կրթություն և մեկաստիճան բարձրագույն կրթության համակարգ: 2004 թ. ՀՀ-ում անցում է կատարվել երկաստիճան բարձրագույն կրթության համակարգի, իսկ 2009 թ. անցում է կատարվել 12-ամյա միջնակարգ կրթության, որի արդյունքում նշված իրավունքից օգտվող ուսանողները ոչ թե 23 տարեկանում են ավարտում բուհը, այլ ավելի ուշ: Նախագծի նպատակն է շտկել օրենսդրության մեջ գոյացած այն բացը, որի արդյունքում երեխաների մի մասը զրկվել է օրենսդրությամբ օժտված իրավունքից:
ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփինե Դավոյանը երեկ տղի ունեցած նիստի ժամանակ տեղեկացրել էր, որ թեև Կառավարությունն օրենսդրական փաթեթին տվել է բացասական եզրակացություն, սակայն ներկայացված փաստարկները համոզիչ չեն եղել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







