Կառավարության կողմից ընդունած կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երրորդ միջոցառման մեջ որոշակի փոփոխություններ են արվել փոքր և միջին ձեռներեցությամբ զբաղվող քաղաքացիների համար։ Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, Կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսին ասաց Էկոնոմիկայի նախարարության մամուլի քարտուղար Աննա Օհանյանը։
Օհանյանը հայտնեց, որ արձագանքելով մի շարք գործարարների կողմից ստացված ահազանգերին և մտահոգություններին՝ Կառավարությունը որոշել է ընդլայնել շահառուների շրջանակը և որոշակի փոփոխություններ է կատարել չափորոշիչներում։
«Նախորդ ծրագրով նախատեսվում էր, որ շահառու կարող են հանդիսանալ միայն պարտաճանաչ հարկատու տնտեսվարողները, իսկ նոր փոփոխությամբ՝ երրորդ ծրագրին կարող են դիմել և շահառու դառնալ այն տնտեսվարողները, որոնց հանդեպ հարուցված է եղել վարչական վարույթ հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ, սակայն 2019-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ նրանք չեն ունեցել ժամկետանց հարկային պարտավորություն»,- ասաց Աննա Օհանյանը՝ նշելով, որ նրանք պետք է վճարեն վարկային միջոցների տրամադրման վճարը՝ փաստացի հատկացվող միջոցների 1 տոկոսի չափով։
Մամուլի խոսնակը տեղեկացրեց, որ հաջորդ փոփոխությունն առնչվում է ձեռնարկությունների շրջանառությանը։
«Եթե նախորդ կարգավորումներով նախատեսվում էր, որ 2019-ի յուրաքանչյուր եռամսյակի շրջանառությունը չպետք է պակասի ընդհանուր տարեկան շրջանառության 10 տոկոսից, ապա նոր որոշմամբ 2019-ի յուրաքանչյուր եռամսյակի շրջանառությունը չի կարող գերազանցել ընդհանուր շրջանառության գումարի 70 տոկոսը»,- նշեց Աննա Օհանյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







