Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին՝ Նոր տարվա` Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ վարչապետ աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Վարչապետի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«Հայաստանի եզդիական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա`Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ: Ցանկանում եմ, որ այս տարին եղբայրական եզդի ժողովրդի համար նշանավորվի արևշատությամբ, բարօրությամբ և խաղաղությամբ»:
Փաշինյանը նշել է, որ հայ և եզդի ժողովուրդների անկեղծ բարեկամությունը, հաղթահարելով ժամանակի փորձությունը, զարգացել և ամրապնդվել է՝ թողնելով մեզ հարուստ ժառանգություն՝ հիմնված փոխադարձ հարգանքի և համերաշխության վրա:
Նիկոլ Փաշինյանը հավատացած է, որ բարեկամ եզդի ժողովրդի հետ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի ապահովել Հայաստանի առաջընթացն ու բարեկեցությունը:
«Թող գարնանային ջերմությունը և թարմությունը միշտ ուղեկից լինեն ձեզ՝ պարգևելով առողջություն, ուժ և եռանդ»,- ասված է Նիկոլ Փաշինյանի ուղերձում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







