Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ապրիլի 14-ին աշխատանքային հերթական խորհրդակցությունն է անցկացրել մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Ինչպես տեղեկացնում է մարզպետարանի մամուլի ծառայությունը՝ խորհրդակցության սկզբում մարզպետը տեղեկացրել է, որ, 2 օր առաջ գրանցված կորոնավիրուսով հիվանդի կրկնակի թեստը բացասական է։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ բժիշկները եկել են եզրակացության, որ կարիք կա 3-րդ թեստը անելու։ Արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացվի ։
Ըստ մարզպետի, հարկավոր է, ինչպես մարզում սահմանված հսկիչ անցակետերում, այնպես էլ ներհամայնքային և միջմարզային անցակետերում ավելի խստացնել հսկողությունը, պատշաճ մակարդակով իրականացնել մարզպետարանի և այլ պատասխանատու կառույցների վրա դրված պարտականությունները:
Այնուհետ Գնել Սանոսյանը տեղեկացրեց, որ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմին երկրորդ եռամսյակի ընթացքում հատկացվելիք պարգևավճարներն արդեն վերադարձվել է պետական բյուջե:
Ըստ Գեղարքունիքի մարզպետարանի ԱՍԱ վարչության պետ Լուսինե Վարդանյանի ներկայացրած տեղեկատվության՝ մարզում այօրվա դրությամբ հաշվառված է 176 ինքնամեկուսացված քաղաքացի, ովքեր հիմնականում եկել են ՌԴ-ի տարբեր քաղաքներից: Ջերմող և կոնտակտավոր հիվանդներ չկան, իսկ երեխաների և մեծահասակների շրջանում մոտ 50 տոկոսով նվազել է դիմելիությունը առաջնային պահպանման օղակներում: Գնել Սանոսյանը հորդորեց՝ պահպանել սերտ համագործակցությունը մարզի բուժհիմնարկների հետ և խնդիրներ ի հայտ գալու դեպքում ձեռնարկել համապատասխան միջոցներ:
«Զգոն և կազմակերպված լինենք, դիմագրավենք բարդություններին, որպեսզի խնդրահարույց օջախները կառավարելի լինեն մեր կողմից» ,- հավելեց մարզպետը:
Գնել Սանոսյանն իր երախտագիտությունը հայտնեց բոլոր անհատներին և առանձին կազմակերպություններին, որոնք այս օրերին իրականացնում են բարեգործական ձեռնարկներ: Մարզպետը հանձնարարեց՝ հրապարակային դարձնել նման նախաձեռնությունները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







