Արցախի Հանրապետությունում այսօր՝ ապրիլի 14-ին, անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Առավոտյան ժամը 08:00-ին բացվել են Հանրապետությունում կազմավորված 282 ընտրական տեղամասերը, որոնցից 1-ը գտնվում է Երևանում։
Մարտի 31-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքներով` երկրորդ փուլ են անցել «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը` 49,26% կողմ ձայնով և Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը` 26,4% կողմ ձայնով։
Արցախի Հանրապետության ոստիկանության` 2020 թվականի ապրիլի 13-ի տվյալների համաձայն՝ Արցախի Հանրապետությունում ընտրողների ընդհանուր թիվը կազմում է՝ 103.637, որոնցից 832 հոգի ընտրություններին կմասնակցի Երևան քաղաքում ձևավորված ընտրական տեղամասում, իսկ 1270-ը՝ ընդգրկված է լրացուցիչ ցուցակներում:
Հիշեցնենք, որ օրեր առաջ նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը կոչ է արել արցախցիներին չմասնակցել ապրիլի 14-ին կայանալիք ընտրություններին՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման վտանգը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







