Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի կրկնապատկման ցիկլն այս պահին դրությամբ մոտեցել է 13 օրվան: Այս մասին ԱԺ հատուկ նիստում հայտնեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին՝ թե վարակի կրկնապատկման դեպքերը, որն ըստ Արսեն Թորոսյանի ներկայացրած գրաֆիկի՝ տեղի են ունենում 10 օրը մեկ հաճախությամբ, փոխվե՞լ են, թե՞ ոչ։
«Կրկնապատկման 10-օրյա ցիկլը վերջին 4 օրերի ընթացքում փոփոխվել է, և ցուցանիշն ավելի է բարելավվել: Այս փուլում կրկնապատկման ցիկլը մոտավորապես 13 օր է: Այսինքն, եթե եղած ցուցանիշները պահպանվեն, դեպքերի կրկնապատկումը կլինի 13-օրյա ժամանակահատվածում»,-ասաց Ավինյանը:
Ավինյանը, անդրադառնալով արտասահմանից ժամանած մեր հայրենակիցների մեկուսացմանը, նշեց, որ շատ դեպքեր ունենում ենք արտասահմանից եկած մեր հայրենակիցների մեջ, և մեկուսացման ինստիտուտը դեռևս էֆեկտիվ է։ Սակայն պարետատունը այլ գործիքներ ևս փորձում է զարգացնել։
«Ռապիդ թեստերը փորձարկվում են փաստացի վարակակիրների վրա, որ այդ ճշտգրտությունը մենք ինքներս մեզ համար հասկանանք։ Հասկանանք հավանականությունը, թե այդ ռիսկերը որքանով ենք կարողանում նվազեցնել։ Մի մասին ռապիդ թեստերով անցկացնելուց հետո երևի տեղափոխելու ենք ինքնամեկուսացման ռեժիմի՝ կիրառելով վերահսկողական բոլոր այն գործիքները, որոնք մեզ թույլ են տալիս էֆեկտիվորեն վերահսկել ինքնամեկուսացման ռեժիմը»,- նշեց Ավինյանը։
Ավինյանը նշեց, որ ՊՇՌ թեստերի ցույց տված արդյունքի հետ կապված կասկածներ գրեթե չկան, իսկ փորձարկված կորեական 60 ռապիդ թեստերից 47-ը տվել է դրական արդյունք, 13-ը՝ բացասական։ Փոխվարչապետը նշեց, որ 13 դեպքերը կրկնակի կթեստավորվեն, որ պարզ դառնա ռապիդ թեստերի ճշտգրտության աստիճանը և նախարարությունը հասկանա՝ որ դեպքերում այն օգտագործել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







