Կորոնավիրուսն իր բացասական ազդեցությունն է թողել նաև արցախյան խաղաղ բանակցությունների ընթացքի վրա: Այսօր Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ նշելով, որ հայկական կողմի համար ամենագլխավորը ներկա պահին խաղաղության պահպանումն է, որպեսզի բոլոր ուժերը կենտրոնացվեն համաշխարհային համաճարակի դեմ պայքարին:
«Չնայած սովորական աշխատանքի տրամաբանությունը որոշ չափով խախտված է այս պահին, բայց մենք մշտական կապի մեջ ենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ: Հուսով եմ, որ ադրբեջանական կողմը ևս այդ պատասխանատվությունը կունենա առաջին հերթին իր ժողովրդի հանդեպ, որովհետև կորոնավիրուսը չի շրջանցել որևէ մեկին: Եվ այս պայմաններում առավել քան անպատասխանատու է հրադադարի խախտումներ իրականացնելը»,- ասաց նախարարը:
Մնացականյանը հիշեցրեց, որ օրեր առաջ Ադրբեջանը դիվերսիոն ներթափանցման փորձ էր ձեռնարկել ՀՀ-ի սահմանին, որի հետևանքով Տավուշի մարզի Ոսկեվան համայնքի մի բնակիչ ու ՀՀ ԶՈՒ երկու զինծառայողներ էին վիրավորվել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







