Ռուսական կողմը դեռ չի պատասխանել սահմանին գազի գնի նվազեցման հարցով բանակցություններ սկսելու՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի առաջարկին։ Այս մասին այսօր՝ ապրիլի 9-ին, Կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսին ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Կարծում են աշխատանքային և հանգստյան օրերի խնդիր էլ կա, և ռուսական կողմի պատասխանը կլինի քիչ ավելի ուշ»,- ասաց Գրիգորյանը։
Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ նշել էր, որ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ առաջարկել է գազի դիմաց վճարել ռուբլով։
Armenia Today-ի հարցին, թե գազի դիմաց ռուբլով վճարումը տնտեսական առումով ի՞նչ նշանակություն կունենա և ո՞ր փուլում են գազի գնի վերանայման շուրջ քննարկումները՝ Մհեր Գրիգորյանը նշեց, որ գազի գնի շուրջ բանակցություններն անընդհատ են և մշտապես լինելու են։
«Գազի դիմաց վճարման արժույթը, որպես ռազմավարական կարևոր խնդիր, որը ենթադրում է լուծումներ, արձանագրված է նաև ԵԱՏՄ ռազմավարական փաստաթղթերում։ Այս հարցը պարբերաբար քննարկվում է ոչ միայն ԵԱՏՄ հարթակում, այլև՝ ԵԱՏՄ անդամ առանձին երկրների հետ»,- ասաց Մհեր Գրիգորյանը։
Անդրադառնալով գազի դիմաց ռուբլով վճարելու տնտեսական նշանակությանը՝ փոխվարչապետը նշեց, որ արտարժութային և արժութային քաղաքականության մասով էներգակիր ներկրող երկրի համար ավելի ձեռնտու է վճարումն իրականացնել լոկալ արժույթով, կամ այն երկրի արժույթով, որը մատակարարում է՝ այն պատճառով, որ սպառող կամ մատակարարող երկրի արժութային տատանումները չեն հանգեցի գնի տատանման։
«Եթե ցանկանում ենք ԵԱՏՄ կամ երկկողմ շրջանակներում իրականացվող առևտրի վճարումների ծավալն աճի, ապա այդ պարագայում քննարկումները պետք է սկսել էներգակիրներից, քանի որ Էներգակիրները զգալի տեղ են զբաղեցնում երկկողմ առևտրում։ Այս դեպքում խոսքը ոչ միայն գազի գնի, այլև դիզվառելիքի մասին է»,- ասաց Մհեր Գրիգորյանը։
Փոխվարչապետը նշեց, որ Հայաստանը ցանկանում է ԵԱՏՄ շրջանակներում հասնել միասնական ստանդատով վճարման, իսկ հնարավորության դեպքում՝ նաև ՀՀ դրամով վճարելման։
Գրիգորյանը հայտնեց, որ ԵԱՏՄ հարթակում այս հարցի շուրջ ինտենսիվ քննարկումներ են ընթանում, իսկ երկկողմ շրջանակներում՝ դեռևս միայն հայկական կողմի առաջարկն է՝ չնայած բանավոր քննարկումներում պարբերաբար այդ առաջարկը հնչեցվել է։
Հիշեցնենք, որ մարտի 31–ին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Կառավարության անունից Հայաստան մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ նոր բանակցություններ սկսելու նամակով դիմել է «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







