Արցախից երեկ Հայաստան ուղարկված կորոնավիրուսի երկու փորձանմուշների հետազոտության արդյունքներն այսօր ստացվել են, մեկը՝ դրական, մյուսը՝ բացասական: Այս մասին տեղեկատվություն է տարածել Արցախ տեղեկատվական շտաբը»
«Հաստատված դեպքի մասին հարկ ենք համարում հիշեցնել, որ վերջինս ապրիլի 2-ին առավոտյան շտապ օգնության մեքենայով տեղափոխվել էր Քաշաթաղի բուժմիավորումում և մեկուսացվել, որովհետև Արցախ էր վերադարձել ՀՀ-ից՝ «վարակի օջախ» համարվող բնակավայրից: Երկրորդ քաղաքացին, որը թեստավորվել է, եղել է ՀՀ-ից վերադարձող քաղաքացու հարևանուհին, ով ապրիլի 4-ին, այլ խնդրով տեղափոխված է եղել նույնի բուժմիավորում՝ բռոնխիտի ախտանիշներով»,- ասված է հայտարարության մեջ։
Համաձայան հաղորդագրության՝ քաղաքացին ՀՀ-ից Արցախ վերադառնալուց հետո գտնվել է Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղում, նրա հետ առնչված բոլոր քաղաքացիները, ապահովության նկատառումներով, նախօրոք ինքնամեկուսացել են։
«Ինքնամեկուսացվել է թվով 17 քաղաքացի։ Այդ քաղաքացիներն այս պահին որևէ ախտանիշներ չունեն»,- նշվում է հայտարարության մեջ։
Շտաբը հայտնում է, որ Արցախի Համաճարակաբանության և հիգենիայի կենտրոնը նրա հետ հնարավոր շփումների շրջանակը ճշտելուց հետո, օրեր առաջ, ինքնամեկուսացված քաղաքացիների առանձնատներում անհրաժեշտ ախտահանիչ աշխատանքներ է իրականացրել:
«Բնակավայրը շրջկենտրոնից գտնվում 39 կմ հեռավորության վրա, մայրաքաղաքից՝ 89 կմ-ի վրա: Վերոնշյալ բնակավայրը քաղաքացուն մեկուսացնելուց հետո գտնվել է վերահսկողության տակ»,- ասված է հայտարարության մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







