Հեռավար կրթության մեթոդական կարգավորման գործընթացում մի շարք ուղեցույցներ են մշակվել ծնողների, աշակերտների և ուսուցիչների համար։ Այս մասին այսօր՝ ապրիլի 7-ին, Կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։
Անդրեասյանը հայտնեց, որ գործարկվել է էլեկտրոնային մատյան, որը հնարավորություն է տալիս արձանագրել, թե ինչպես են իրականացվում հեռավար դասերը առանձին դպրոցներում, ինչ աշխատանք են կատարում ուսուցիչները։
«Մատյանը գործարկվել է մարտի 26-ից, և այժմ արդեն ուսուցիչների 80 տոկոսն այնտեղ գրանցված է։ Մարզերից ստացած տեղեկություններով էլ՝ հեռավար կրթության գործընթացում արդեն ավելի քան 80 տոկոս աշակերտական մասնակցություն կա»,- ասաց նախարարի տեղակալը։
Անդրեասյանը նաև հայտնեց, որ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի միջոցով վերապատրաստման արագացված դասընթացներ են կազմակերպվել Արցախի և Հայաստանի ուսուցիչների համար։
«Ուզում եմ հատուկ շեշտել ուսուցիչների շատ ակտիվ համագործակցության մասին Իթվինինգ հարթակում, որում մենք ունենք բազմաթիվ նախագծեր 324 ուսուցիչների ու 3600 աշակերտների մասնակցությամբ։ Ունենք դեպքեր, երբ ուսուցիչը դասընթաց է իրականացնում շրջակա մի շարք գյուղական համայնքների աշակերտների համար, կամ միավորվում են տարբեր մարզերի ուսուցիչներ և համատեղ դասընթացներ են կազմակերպում»,- ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







