Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ։ Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Նախագահն առանձնակի շնորհավորել, բարեմաղթանքի ու շնորհակալության խոսք է ասել բժիշկ և բուժաշխատող կանանց, որոնք այս դժվարին օրերին հարազատի հոգատարություն ու խնամք են ցուցաբերում բուժհաստատություններում գտնվող հիվանդների հանդեպ։
Արմեն Սարգսյանն իր երախտագիտությունն է հայտնել նաև բոլոր այն կանանց՝ ոստիկան թե զինվորական, փրկարար թե ծառայող, ովքեր աշխատանքի, մասնագիտության բերումով և հոգու կանչով այս օրերին վտանգում են իրենց կյանքն ու առողջությունը բոլորի համար, այն կանանց, ում ամուսիններն այս օրերին հիվանդանոցներից, ծառայությունից ու աշխատավայրից գրեթե տուն չեն գալիս՝ իրենց պարտքը կատարելով:
«Կինը և հատկապես հայ կինը մշտապես եղել է ընտանիքի սյունն՝ իր վրա վերցնելով առավելագույն ծանրությունը, հոգսերն ու դժվարությունները։ Հիմա, երբ իրավիճակից ելնելով, շատերը ստիպված են առավելապես տանը մնալ, կնոջ հոգսն ու ծանրաբեռնվածությունն ավելի են մեծացել՝ պայմանավորված նաև առօրյա ընտանեկան կյանքի կազմակերպմամբ, երեխաների և թոռների հեռավար կրթությամբ, տնտեսական խնդիրներով և այլն։ Սակայն հայ կինը երբեք չի ընկճվել ու միշտ կարողացել է ամուր մնալ, հավատալով, որ ցանկացած դժվարություն անցողիկ է»,- նշված է ուղերձում։
Նախագահը նկատել է, որ գարունը միշտ սպասումներով ու հույսերով է լի և եթե այս տարվա տոնական շնորհավորանքների մեջ միգուցե արտաքին փայլն ու ձևը մի փոքր ավելի զուսպ են, սակայն սերն ու երախտագիտությունը կանանց հանդեպ երբեք չի փոխվում՝ երբ հայրը հուզվում է փոքրիկ դստեր ճռվողյունից, երբ երիտասարդի սիրտը թրթռում է սիրելիի ժպիտից, երբ, անկախ տարիքից, կարոտում ենք մեր մորն ու կնոջը, և մեր թոռան մեջ տեսնում նրանց շարունակությունը:
«Սիրելի կանայք, կյանքը սկսվում է ձեզնից և շարունակվում է ձեզնով:Պահպանեք ձեզ, եղեք առողջ, եղեք երջանիկ, ապրեցեք երկար»,- նշել է Հանրապետության նախագահը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







