ՀՀ Կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն անդրադարձավ տնտեսական զարգացման տեմպերի վրա կորոնավիրուսի ազդեցությանը և հնարավոր տնտեսական կրճատումներին։
Պատասխանելով Armenia Today-ի հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք Կենտրոնական բանկի այն կանխատեսումը, ըստ որի կորոնավիրուսային համաճարակը լուրջ բացասական ազդեցություն կունենա տնտեսական աճի տեմպերի վրա․ 2020 թվականին տնտեսական աճը կկազմի 0.7%, կնվազեն ներմուծման և արտահանման ծավալները, Ռուսաստանից եկող մասնավոր տրանսֆերտները՝ Խաչատրյանը նշեց․
«Բոլոր թվարկված երևույթները ճիշտ են, բնական է, որ Ռուսաստանը նույնպես առերեսվում է այն դժվարություններին, ինչ` Հայաստանն ու աշխարհի մյուս երկրները։ Այսպիսի դժվար տնտեսական իրավիճակի պայմաններում բնական է, որ կնվազան նաև Ռուսաստանից Հայաստան եկող տրանսֆերտները»։
Նախարարի խոսքով՝ դժվարություններ կկրեն այն արտահանողները, ովքեր աշխատում են դրսի շուկաների հետ, ինչպես նաև ներքին շուկայում գործող կազմակերպությունները։
«Կենտրոնական բանկի գնահատման առանձնահատկությունը կայանում է նրանում, որ դա կոնկրետ իրավիճակի գնահատական է, այդ պահի դրությամբ տրված գնահատականը»,- ասաց Խաչատրյանը։
Նախարարը համաձայնեց այն մտքի հետ, որ այս տարի էական է լինելու տնտեսական արդյունքի կրճատումն այն կանխատեսումների համեմատ, որ տարվա սկզբին էին արված։
«Այդուհանդերձ, տարվա առաջին երկու ամիսների ցուցանիշները ցույց են տալիս, որ մենք կարող ենք ունենալ այնպիսի տնտեսություն, որն աճում է բարձր տեմպերով, և կհաղթահարենք մեր առջև ծառացած խնդիրները»,- եզրափակեց Խաչատրյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







