Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ ապրիլի 2-ին, այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Արմեն Սարգսյանին ուղեկցել են հայկական բանակի նախկին ժամկետային զինծառայողներ՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի աշխատակիցներ Գոռ Դարմանյանը և Լիպարիտ Մելքոնյանն, ինչպես նաև արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակից Արկադի Անդրեասյանը:
Զինված ուժերում իրենց ծառայության ընթացքում նրանք աչքի են ընկել իրենց մարտական բարձր պատրաստականությամբ և նվիրվածությամբ, վիրավորվել մարտական գործողությունների ժամանակ:
Նախկին զինծառայողներն աշխատանքի են ընդունվել «Հայրենիքի պաշտպան» նախաձեռնության շրջանակում, որի նպատակն է օժանդակել զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամություն ստացած զինծառայողներին, նրանց ապահովել աշխատանքով:
Նախագահն ու հայրենիքի պաշտպանները ծաղիկներ են դրել 2016թ. ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ իրենց կյանքը զոհաբերած հերոսների շիրիմներին և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







