Կորոնավիրուսով վարակվածների կոնտակտավորներին տեղորոշելու համակարգը ստեղծվել է ծրագրավորողների, վիճակագրության մասնագետների և տվյալագետների կողմից, ովքեր ուսումնասիրել են միջազգային փորձը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 1-ին, տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
Ռուստամ Բադասյանը նշել է, որ համակարգը ավտոմատացված է որոշակի բանաձևերի հիման վրա։
«Երբ վարակակրի մասին տվյալները հայտնի կլինեն, ավտոմատացված համակարգի միջոցով կբերվի որոշակի վիճակագրություն, շփումների տեղակայման և զանգերի համընկնումների, պարբերականության մասին և այլն։ Այո, դա չի նշանակում, որ 100 տոկոս ճշտությամբ է աշխատելու համակարգը, բայց ունի ճշտության բարձր աստիճան»,- ասաց Բադասյանը։
Ռուստամ Բադասյանը նշել է, որ այս համակարգի միջոցով կկարողանան հնարավորինս շուտ տեղեկացնել անձին հնարավոր վարակի մասին և շուտ կոտրել վարակի շղթան։
Հիշեցնենք, որ ՀՀ ազգային ժողովը մարտի 31-ի նիստում ընդունել էր կառավարության ներկայացրած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է կորոնավիրուսով վարակված անձանց կոնտակտավորներին հնարավորինս շուտ գտնելու նպատակով ֆիքսել մարդկանց հեռախոսազանգերը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







