Արցախի Հանրապետության նախագահի թեկնածուներից ոչ մեկը նախօրեին կայացած ընտրություններում չի հավաքել անհրաժեշտ 50%+1 ձայն՝ ընտրություններում վերջնական հաղթանակի համար։
Ըստ Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանի ներկայացրած նախնական տվյալների՝ առաջատար եռյակն ունի հետևյալ տեսքը:
Արայիկ Հարությունյան («Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինք) — 36076 քվե (49.2 տոկոս),
Մասիս Մայիլյան — 19360 քվե (26.4 տոկոս),
Վիտալի Բալասանյան («Արդարություն» կուսակցություն) — 10755 քվե (14.7 տոկոս)։
Անվավեր քվերաթերթիկների քանակը կազմել է 2625, այսինքն՝ քվերակության մասնակիցների 3,5%:
Արցախի նախագահի ընտրություններին ընտրողների թիվը կազմել է 104 348, որից ընտրություններին մասնակցել է 76 728 ընտրող:
Արցախի Հանրապետության Սահմանադրության համաձայն՝ Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որին կողմ է քվեարկել թեկնածուներին կողմ քվեարկած ընտրողների թվի կեսից ավելին:
Եթե քվեարկվել է երկուսից ավելի թեկնածու, և նրանցից ոչ մեկին կողմ չի քվեարկել թեկնածուներին կողմ քվեարկած ընտրողների թվի կեսից ավելին, ապա քվեարկությունից հետո` տասնչորսերորդ օրը, անցկացվում է Հանրապետության նախագահի ընտրության երկրորդ փուլի քվեարկություն: Հանրապետության նախագահի ընտրության երկրորդ փուլին կարող են մասնակցել այն երկու թեկնածուները, որոնց կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ: Երկրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որին կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







